Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը պայքարում է նախագահական 4-րդ ժամկետի համար. «ՌԻԱ Նովոստի»

Ապրիլ 09,2018 22:22

Ադրբեջանի բնակիչները պատրաստվում են տարվա գլխավոր քաղաքական իրադարձությանը՝ նախագահի ընտրություններին: Չնայած երկրում ձևավորված ավանդույթին՝ ընտրություններն անցկացվում են ոչ թե աշնանը, այլ գարնանը՝ արտահերթ կարգով՝ ըստ գործող նախագահ Իլհամ Ալիևի հրամանի:

Ընդհանուր առմամբ պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 8 թեկնածու, ընդ որում, ընդդիմությունը հայտարարել է, որ բոյկոտում է ընտրությունները: Ըստ փորձագետների և սոցհարցումների արդյունքների՝ իրական մրցակիցներ Ալիևը չունի, և նա կարող է այդ պաշտոնը պահպանել ևս մեկ ժամկետով, ընդ որում, այս անգամ նախագահն ընտրվում է ոչ թե 5, այլ 7 տարով:

Արտահերթ

Ալիևի լիազորություններն ընթացիկ նախագահական ժամկետի շրջանակում ավարտվում են հոկտեմբերին, ուստի ակնկալվում էր, որ ընտրությունները, ինչպես և նախորդ անգամ, տեղի կունենան աշնանը: Սակայն փետրվարի 5-ին պետության ղեկավարը հրաման ստորագրեց արտահերթ քվեարկություն անցկացնելու վերաբերյալ և այն նշանակեց ապրիլի 11-ին: ԿԸՀ-ն այդ ամսաթիվը պաշտոնապես հաստատել է:

Սկզբնապես իշխանություններն այդ որոշումը բացատրում էին նրանով, որ աշնանը երկրում նախանշված են միջազգային միջոցառումներ, և առավել նպատակահարմար է ընտրություններն անցկացնել տարվա սկզբին: Բացի այդ, ըստ նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովի, նոր ֆինանսական տարում նախագահական ընտրությունների անցկացումը լրացուցիչ հնարավորություն է ստեղծում սոցիալական և տնտեսական առաջադրանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար:

Փորձագետներն ընտրությունների օրվա տեղափոխությունը բացատրում են արտաքին քաղաքական իրավիճակով: Ադրբեջանցի հայտնի վերլուծաբան Արզու Նագիևը կարծում է, որ ընտրողների կողմից նոր «վստահության քվեն» թույլ կտա Ալիևին առաջընթաց գրանցել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում՝ հաշվի առնելով Հայաստանում վերջերս անցկացված նախագահական ընտրությունները և այդ երկրում կառավարման կարգի փոփոխումը խորհրդարանականի:

Հայաստանի նոր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունը տեղի է ունեցել երկուշաբթի: «Կարծում եմ, Լեռնային Ղարաբաղի հարցով լիարժեք բանակցություններ վարելու համար Ադրբեջանի նախագահական ընտրությունների նշանակումն այդ ամսաթվին մոտ միանգամայն շահավետ է»,- ասել է Նագիևը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում:

Միաժամանակ, Առաջընթացի խթանման ամերիկա-ադրբեջանական հիմնադրամի գլխավոր փորձագետ Ալեքսեյ Սինիցինը կարծում է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների սրացման պայմաններում մի շարք ուժեր կփորձեն աշնանը «ճոճել» իրավիճակն Ադրբեջանում, որպեսզի թուլացնեն Մոսկվայի ևս մեկ դաշնակցի:

«Կգտնվեն ապակառուցողական ուժեր, որոնք տիտանական ջանքեր կգործադրեն Ադրբեջանում քաղաքական իրավիճակը ճոճելու համար: Դա պետք է տեղի ունենար ամբողջ հետխորհրդային տարածությունում ընդհանուր ապակայունացման համատեքստում, որն արդեն այսօր անցկացնում է Արևմուտքը, և 7 ամիսը միանգամայն բավարար ժամկետ է պաշտոնական Բաքվի դեմ ամենալայնածավալ գաղափարական դիվերսիաներ իրականացնելու համար»,- ասել է նա:

Առանց ընդդիմության

Ընդդիմադիր կուսակցություններն իշխանությունների փաստարկները բավարար հիմք չեն համարում ընտրությունների տեղափոխման համար՝ գտնելով, որ իշխող կուսակցությունը պարզապես որոշել է կրճատել քվեարկությանը նախապատրաստվելու ժամկետները՝ այդպիսով ընդդիմադիրներին զրկելով լիարժեք քարոզարշավ իրականացնելու հնարավորությունից: Արդյունքում «Ազգային խորհուրդը», «Ժողովրդական ճակատի կուսակցությունը» և «Մուսավաթը» բոյկոտել են ընտրությունները և սկսել բողոքի ակցիաներ: Ընդ որում, ցույցերն արտոնված են և անցկացվում են օրենքի շրջանակում, դրանց մասնակցում է մինչև 1500 մարդ:

Այդպիսով, ընտրական ցուցակում, բացի Ալիևից, կլինի 7 անուն: Նախագահական պայքարին մասնակցում են Գուդրատ Հասանգուլիևը «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունից, Արազ Ալիզադեն Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից, Ֆարաջ Գուլիևը «Վերածննդի ազգային շարժում» կուսակցությունից, Ռազի Նուրուլլաևը «Ճակատայինների նախաձեռնող խմբից», Հաֆիզ Հաջիևը «Ժամանակակից Մուսավաթից», ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը և Ադրբեջանի դեմոկրատական կուսակցությունից Սարդար Մամեդովը:

Ընդ որում, բոլոր թեկնածուներից միայն Մամեդովն ու Հաջիևն են իրենց նախընտրական արշավի շրջանակում քննադատել գործող իշխանությանը, մասնավորապես, շրջաններում սոցիալական քաղաքականության և իրենց կարծիքով աճող կոռուպցիայի համար: Մյուս թեկնածուները մշտապես մասնակցում են ընտրություններին, բայց իրենց ծրագրերում, ընդհանուր առմամբ պաշտպանում են ընթացիկ քաղաքական կուրսը, իսկ Օրուջն իր ելույթներից մեկում անգամ սկսել է մեջբերումներ կատարել Ալիևից:

Ինքը՝ Ալիևը, առաջադրվում է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից և արդեն 3 անգամ վերընտրվել է այդ պաշտոնում: Ընթացիկ արշավում, ըստ սոցհարցումների նրան աջակցում է ընտրողների մոտ 8 տոկոսը: Սահմանադրության մեջ ավելի վաղ կատարված փոփոխությունները ոչ միայն հանել են նախագահական ժամկետի սահմանափակումները, այլև երկարաձգել մեկ ժամկետի տևողությունը մինչև 7 տարի, հետևաբար հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2025թ.:

Քվեարկության ընթացքը

Քվեարկության օրն Ադրբեջանում աշխատանքային չէ: Ընտրական տեղամասերն ամբողջ երկրում բացվում են տեղի ժամանակով 08:00-ին և փակվում 19:00-ին:

Ըստ ԿԸՀ տվյալների՝ երկրում հաշվվում է ավելի քան 5 մլն ընտրող, տպվել է ավելի քան 5.3 մլն քվեաթերթիկ:

ԿԸՀ-ն հայտարարել է, որ գրանցել է մոտ 900 միջազգային դիտորդ: Ընտրություններին հավատարմագրված տեղական դիտորդների թիվը գերազանցում է 58 հազարը:

Ադրբեջանի տարածքում կբացվի 5641 ընտրատեղամաս 125 ընտրական շրջանում, ևս 41 ընտրատեղամաս կբացվի երկրի տարածքից դուրս՝ 32 երկրում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30