«Զոհված ազատամարտիկ Աշոտ Չախոյանի մայրը արդեն 20 տարուց ավելի է՝ իրեն նվիրել է այս խոնարհմանը արժանի աշխատանքին»,- ասում է նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին տրամադրվող դրամաշնորհի համակարգող Գայանե Մանուկյանը:
Ըստ նրա՝ սա ոչ միայն կենսագրական աշխատություն է այլև գեղարվեստական հանրագիտարանի նման մատենաշար, քանի որ ոչ միայն հավերժացնելով հերոսների անունները՝ փոխանցվում է նաև հայրենի բնության տեսարանը, մարտի նկարագրությունը: «Սա այն ծրագիրն է, որը ինքնուրույն է ապրում»,-հավելում է նա:
11-րդ հատորը նվիրված է արցախյան ազատամարտի հերոսներին և 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հերոսացած զինվորներին:
Տիկին Մարտիկյանն ասում է, որ այս հատորները ավելի նվիրական են իր և իր ընթերցողների համար: «Երբ լրագրողները հարցնում են ինձ այս աշխատանքի դժվարությունների մասին, այդ պահին ես կենտրոնանում եմ, որ տաժանակիր աշխատանք է եղել սա:
Ըստ երևույթին գիտակցելով այդ տաժանակիր աշխատանքի կարևորությունը և այն որ հետաքրքրությունը մեծ է՝ սիրով եմ դա անում և եթե մի բան սիրով ես անում, գործը առաջ գնում է»:
Հեղինակը ընդգծում է՝ եթե չլինեին արցախյան ազատամարտի հերոսները ու նրանց սխրանքի օրինակը, որը մենք այսպես շռայլորեն տարածում ենք հանրության գիտակցության մեջ, ըստ երևույթին չէին լինի 2016 թվականին ապրիլյանի հերոսների սխրանքի գնալու, կյանքը զոհաբերելու պատրաստակամությունը:
Այս ամենի հետ մեկտեղ նա հավելում է, եթե սկսի խոսել դժվարության մասին, կհիվանդանա. «Ամենադժվարը այն պահն է, երբ դու հարազատի հետ սկսում ես խոսել իր որդու մասին, և նա սկսում է լաց լինել, դա ամենաաղետալի պահն է, երբ քեզ հարկավոր է տվյալ վերցնել, պետք է հերոսին ափիդ մեջ ունենաս, որ կարողանաս կերտել կերպարը: Ես գրում եմ այնպես, որ հետո մայրը զանգում է ինձ և ասում՝ ինձ թվում է՝ դուք եք բերել այդ երեխային, պահել, մեծացրել սրանից մեծ գնահատական ինձ համար գոյություն ունենալ չի կարող»:
Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ