«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանն այսօր յոթօրյա հացադուլի մեկնարկին հայտարարեց, որ Սերժ Սարգսյանին հնարավոր է հաղթել միայն քաղաքական ուժերի համախմբման արդյունքում: Իսկ հացադուլի պահանջը, ըստ նրա, ձեւակերպված է մեկ ամիս առաջ.
«Այն շրջանում, երբ Սերժ Սարգսյանը քաղաքականապես կլինիկական մահ էր տանում, բացառիկ դեպք է, երբ իշխանություն կրողը իրավական լծակ չունի: Իր կառավարման ամենաթույլ շրջանն էր, հացադուլի նպատակը քաղաքական գործիչներին միավորվելու կոչ անելն է, այնպես անել, որ վարչապետի ընտրությունները չկայանան:
Հարցն այն է, որ Սերժ Սարգսյանը բոլոր ոլորտներն է ձախողել, բոլոր ընտրությունները կեղծիքով են անցել, խնդիրը երրորդ ժամկետը չէ, եթե Սերժ Սարգսյանը լավ նախագահ լիներ, որքան հնարավոր է՝ թող լիներ, բայց նա բոլոր ոլորտներում է ձախողել՝ ե՛ւ արտաքին պարտքն է մեծացել, ե՛ւ արտագաղթն է աճել, ապրիլյան քառօրյա պատերազմում էլ տեսանք իշխանությունների թերությունները»:
Նրա խոսքով, իրեն ոչինչ չի խանգարում Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանին ու Զարուհի Փոստանջյանին միանալու համար.
«Բոլորս պետք է նույն ուղղությամբ գնանք: Ի վերջո, բոլորիս ընդհանուրն այն է, որ Սերժ Սարգսյանը չվերարտադրվի, հիմա մարտավարական խնդիրներ կան, Նիկոլը ճանապարհին է, գալիս է, գտնում ենք՝ այստեղ պետք է միավորումը լինի, իմ ու քո չկա, այս հարթակը բոլորինն է, ժողովուրդն էլ բոլորինն է: Ես միավորման խնդիր չեմ տեսնում, ով չի նպաստում միավորմանը, ծառայություն է մատուցում Սերժ Սարգսյանին, որովհետեւ նրա միակ զենքն այն է, որ կարողացել է պառակտել ընդդիմությանը: Սերժ Սարգսյանին հնարավոր է հաղթել միայն ժողովրդով ու քաղաքական ուժերի համախմբման նախապայմանով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ