Թալիշում ապրիլյան քառօրյայի ժամանակ նահատակված 170 դիրքի 4 հետախույզներից երկուսի՝ Վիկտոր Յուզիխովիչի և Աղասի Ասատրյանի ծնողներն այսօր պատմեցին, թե ինչպես է թշնամին ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը հարձակվել հենց այդ դիրքի վրա ու ինչպես են մեր զինվորները փամփուշտները սպառվելու պայմաններում անցել ձեռնամարտի ու կյանքի գնով պահել դիրքը։
Վիկտոր Յուզիխովիչի հայրը՝ Ալեքսանդր Յուզիխովիչն ասաց․ «Ես ամեն ինչ փորձել եմ ճշտել իմ կապերով, չեմ հասկանում ինչո՞ւ գոնե ծնողներին ճիշտը չեն ասում, գիտեմ, որ զինամթերքը պրծել է, բայց երեխեքը մինչև վերջ կռվել են, դիրքը չեն լքել, էնտեղ էլ զոհվել են։ Թեժ մենամարտ է եղել, ամենավերջում իմ տղես է զոհվել, ինքն է մնացել վերջում։
Օգնության հասնող սպային իր վարորդի հետ թշնամու հատուկ ջոկատայիններն են սպանել, ու մեր երեխեքը մնացել են առանց զինամթերքի։ Ապրիլի 1-ին, գիշերը ժամը 1․30-2․00 կողմ սկսվել է հարձակումը հենց այս դիրքի վրա, ու մարտը շարունակվել է մինչև ապրիլի 2-ը, ժամը 5-ը։ Ձեռնամարտի անցնելով՝ հերթով բոլորը իրար հետևից զոհվել են»։
Վիկտոր Յուզիխովիչի հայրն ասում է, որ իր որդու դին բռնության էին ենթարկել։
Մասիս քաղաքի բնակիչ Աղասի Ասատրյանի հայրն էլ՝ Սարմեն Ասատրյանն էլ ասում է, որ իր որդին զոհվել է դասակի հրամանատարից՝ Մերուժան Ստեփանյանից հետո։ Նա այս մասին իմացել է Աղասիի մարտական ընկերներից։ Նրան հայտնի է, որ բարձունքում գտնվող 170 դիրքի վրա աշխատել են թշնամու անօդաչու սարքերն ու ուղղաթիռները։ «Մեր զինվորները կռվել են մինչև վերջ՝ մոտ 14 ժամ։ Երբ զինադադար է հայտարարվել, թշնամին 100-ից ավելի զոհերի տարել է հենց այս դիրքերից»,- ասում է Սարմեն Ասատրյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ