Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում միաձայն կողմ քվեարկեցին ԵՄ համաձայնագրին, կողմ էր անգամ Գեղամյանը

Ապրիլ 09,2018 20:15

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հանձնաժողովների համատեղ նիստում ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարեւորեց վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները: Նա հույս հայտնեց, որ այն չի ուշանա:

ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ասաց, որ ՀՀ-ի կողմից որպես  ՀԱՊԿ անդամ, ԵԱՏՄ անդամ նման ամբիցիոզ համաձայնագրի ստորագրումը ԵՄ-ի հետ խոսում է ՀՀ-ի արտաքին քաղաքականության կուրսի ակնհայտ հաջողության մասին: Բայց, ըստ նրա, իրենք սպասումներում եւ գնահատականներում պետք է լինեն չափազանց զուսպ. «Սխալ կլինի հանրությանն ազդակ փոխանցել, որ այս համաձայնագրի իրականացման արդյունքում ՀՀ-ն a կետից տեղափոխվելու է միանգամից z կետ: Այդպես չի լինելու»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ իր ելույթում ասաց, որ ԵՄ-ն պետք է կարողանա հակամարտող կողմերին բերել կառուցողական դաշտ. «Շատ հեշտ է գրել խաղաղություն եւ կայունություն հաստատել տարածաշրջանում: Մենք գիտենք կոնկրետ այդ կայունությանը եւ  խաղաղությանը սպառնացող սուբյեկտ ով է, վտանգները որոնք են եւ այդ ընդհանուր հայտարարությունը շատ քիչ է, պետք է կոնկրետ գործողություններ իրականացնել, որ այդ խաղաղությունն ու կայունությունը հաստատվի: Եվ ցանկացած հակամարտություն լուծելու բովանդակության մասին խոսելուց առաջ նույն ԵՄ-ն եւ բոլոր միջազգային կառույցները պետք է հստակ իմանան, որ իրենք ունեն հանձնառություն՝ բացառելու ուժի լեզվով ընդհանրապես հարաբերություններ ճշտելը, որը գլխավոր սկզբունքն է: Եթե այդ սկզբունքը խախտվում է, ոչ մի փաստաթուղթ իմաստ չունի»:

Նա կոչ արեց ԵՄ-ին խուսափել երկակի ստանդարտներից: Ռուստամյանն ընդգծեց, որ նույն միջազգային կառույցները լավ էլ գիտեն, որ ամեն օր Ադրբեջանը խոսում է պատերազմ սկսելուց ու որեւէ համապատասխան արձագանք չի լինում. «Պետք չի վախենալ իրերն իրենց անունով կոչել: Ակնհայտ է, որ պատերազմ Հայաստանից չի ծագելու, եթե ծագեց, ծագելու է մի օր Ադրբեջանից»:

Իսկ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը՝ more for more-ը ՀՀ-ի համար միայն ֆինանսատնտեսական սկզբունք չէ, մենք ակնկալում ենք more for more-ի քաղաքական հետեւանքներ: Նա ասաց, որ մենք չենք ուզում իներցիայի ուժով ընկնել մի զամբյուղի մեջ, որը մեր տեղը չէ, մենք վաղուց դուրս ենք եկել այդ հասակից:

Նշենք, որ երկու հանձնաժողովների անդամները միաձայն կողմ քվեարկեցին համաձայնագրին: Կողմ քվեարկեց անգամ Արտաշես Գեղամյանը: Համաձայնագիրը կքննարկի ԱԺ առաջիկա լիագումար նիստում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30