«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներն այսօր գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացրին:
Մինչ հաղորդում ներկայացնելը՝ կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ այսօր պատմական ու կարեւոր օր է:
Հանցագործության մասին հաղորդումը, ըստ Փոստանջյանի, վերաբերում է ՀՀ արտաքին անվտանգությանն ուղղված հանցագործության, պետական դավաճանության, տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ գործողությունների, ՀՀ Սահմանադրական կարգի հիմունքների դեմ ուղղված եւ պետական իշխանության յուրացմանը:
Ըստ նրա՝ հաղորդումը 18 էջից է բաղկացած. «Այսօրով ավարտվում է այն երեսունամյա արցախյան շարժման ալիքի վրա եկած անձանց պաշտոնավարումը. այդ պաշտոնավարմամբ վերջ է դրվելու նաեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարմանը, մի անձի, որը եղել է ԼՂԻՄ վերջին ղեկավարի օգնականը»:
«Ներկայացնում ենք հանցագործության մասին հաղորդում, բայց հարց է՝ արդյոք այս պահին ունենք անկախ դատախազություն, որին ներկայացնում ենք, իհարկե, այս պահին չունենք, բայց դա չի նշանակում, որ մեղադրանքները որպես փաստաթուղթ՝ չպետք է ներկայացվեն»,- ասաց Փոստանջյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ