«Գնա, գնա Սերժ» նախաձեռնության նախագահ Արամ Հարությունյանը ընդդիմության միացյալ հանրահավաքին հայտարարեց, որ միանում է պայքարին ու սպասում է Նիկոլ Փաշինյանի գալուն: «Սերժ Սարգսյանը քաղաքականապես կլինիկական մահ է տանում»,-ասաց նա:
«Չկա Հանրապետական կուսակցություն, դա մի հոգի է, սաղ փախնելու են, եթե մենք կանգնենք իրար կողքի, դուք ընդունելու եք բոլորիս», -ասաց Արամ Հարությունյանը:
Նա Էդիթ Պիաֆին էլ մեջբերեց. «Պիաֆն ասում էր, որ ես երգում եմ ոչ թե բոլորի, այլ յուրաքանչյուրիս համար… Սերժ Սարգսյանը ոչ սկզբունք ունի, ոչ էլ որեւէ գաղափար է կրում: Նա ոչ մի լծակ չունի, ինքը հենվել է ուրիշների Բրուտոսների վրա: Այժմ մենք օգտագործելու ենք բոլոր հնարավորությունները, թող նույնիսկ «Կրակեմ» Հրաչը գա, բայց առանց զենքի գա, թող խաղեր չտան կուսակցությունները, ու բոլորս կանգնենք կողք կողքի եւ պայքարենք»:
«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը շնորհավորեց ՀՀ քաղաքացիներին, որ, նրա խոսքերով, առաջին օրն անցկացնում են առանց Սերժ Սարգսյան պաշտոնյայի:
«8 օր ունենք, եթե միասին լինենք, այդ 8 օրը կդառնա հավերժություն, կլինենք առանց Սերժ Սարգսյանի ընդմիշտ… Եթե ասում ենք մերժիր Սերժին, դա չի նշանակում միայն այդ անձին մերժենք, ասում ենք, որ այս անձը իր կեղծ նախագահության ընթացքում այնպիսի ցուցանիշներ է ապահովել, ինչպես 400000 արտագաղթը, 7 միլիարդ պետական պարտքը, քաղբանտարկյալները, տնտեսության անկումը, բոլոր ոլորտների բացասական վիճակները»,-ասաց Դավիթ Սանասարյանը:
Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ 14-օրյա քայլարշավ է նախաձեռնել Նիկոլ Փաշինյանը Գյումրուց-Երեւան. «Մեր ընկերներով, ուսանողներով, երիտասարդներով, որոշեցինք մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները, միավորվել եւ դեմ լինել Սերժ Սարգսյանի համակարգին»:
Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանի թիմին կդիմավորեն Երեւանի մատույցներում ապրիլի 13-ին, որտեղից կշարժվեն Ազատության հրապարակ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ