ԱԺ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հանձնաժողովների համատեղ նիստում ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասաց. «Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ն ունենա միասնական ձայն Հարավային Կովկասում իր գործընկերների հետ ունեցած հարաբերություններում»:
Հաշվի առնելով, որ քննարկմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, Աշոտյանն ասաց. «Շնորհակալ ենք, որ ԵՄ դեսպանն այստեղ է, ուզում եմ սա հատուկ շեշտել՝ լավ գիտենք, որ բանակցվում է նաեւ Ադրբեջանի հետ շրջանակային նոր համաձայնագիր, եւ մենք իրոք ակնկալում ենք, որ իրավականորեն պարտադիր ձեւակերպումները տեղ կգտնեն միասնական ոճաբանության եւ բառամթերքի տեսքով երկու երկրների համաձայնագրերում:
Սա կարեւոր է ոչ միայն ՀՀ-ի արտաքին քաղաքականության հուզականության տեսակետից, սա նախեւառաջ կարեւոր է ԵՄ-ի համար՝ ընդգծելու, որ այս փաստաթուղթն իրոք ունի ուժ եւ ոչ թե սեկտորալ համագործակցության համար փող տալու համաձայնագիր է, կներեք այս արտահայտության համար: Համաձայնագիրը ունի քաղաքական կարեւորություն, եւ այդ կարեւորությունը չի սահմանափակվում մեզ համար միայն ոլորտային ցուցանիշներով այս կամ այն ուղղություններով ԵՄ-ից ֆինանսներ ակնկալելու եւ փող ստանալու գերակայությունով»:
Արմեն Աշոտյանն ասաց, որ ստացել են Մինսկի խմբի համանախագահների ուղենիշների եւ առաջարկությունների ծրագրերի փաստաթուղթը, որը մեծ լավություն չեն համարում. «Եթե մենք ընդգծում ենք հավատարմությունը Մինսկի խմբի համանախագահների ուղենիշներին, առաջարկություններին եւ ծրագրերին, դա չի նշանակում, որ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները կամ ծրագրերը պրոհայկական են: Քավ լիցի, դրանք բացառապես միակ լեգիտիմ միջազգային հարթակի կողմից ստեղծված առողջ կոմպրոմիսային հայտարարություններ են, եւ Հայաստանն ակնկալում է, որ այդ ձեւակերպումները կդառնան նաեւ քաղաքական գործունեության ձեւակերպումներ»:
Աշոտյանը դիմեց ԵՄ դեսպանին, որ ԵՄ անդամ երկրների հետ աշխատանք տարվի՝ ՀՀ-ի հետ կնքած համաձայնագիրը վավերացնելու համար, որովհետեւ որքան սա հաջողության պատմություն է ՀՀ-ի համար, այնքան էլ հաջողության պատմություն է ԵՄ-ի համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ