ԱԺ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հանձնաժողովների համատեղ նիստում ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը հարցրեց՝ իսկ ի՞նչ կլինի, եթե հանկարծ ԵՄ անդամ որեւէ երկիր չվավերացնի համաձայնագիրը:
Փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը պատասխանեց, որ նման ազդակներ որեւէ երկրից, որ չեն պատրաստվում վավերացնել, կամ վերապահում ունեն, մենք չենք ստացել եւ հույս ունեն, որ չեն ստանա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանին համաձայնագրում ՀՀ-ի հանձնառությունների հատվածը դրամաշնորհ ուզող ՀԿ-ի ծրագիր էր հիշեցրել, թե՝ կոռուպցիայի դեմ պայքար, քաղհասարակության զարգացում, բարեփոխումներ եւ այլն: Նա հարցրեց, թե այս համաձայնագրի վավերացումից հետո, հաշվի առնելով տարածաշրջանի առանձնահատկությունները, ի՞նչ նոր փոփոխություն ենք ակնկալում:
Կարեն Նազարյանն ասաց, որ այդ ձեւակերպումները հատուկ են միջազգային փաստաթղթերին, միջազգային դաշնագրերին, որոնք ունենում են նախաբան, ուր հստակեցվում են կողմերի մոտեցումները:
Էնֆիաջյանն ասաց, որ իրոք, կուզենանք, որ դրական փոփոխություն լինի, բայց եթե գործիքակազմը տեսնում ենք, երեւում է, որ նույն դրամաշնորհային միջոցներով էլ իրականացվում են նման ծրագրեր՝ կոռուպցիայի դեմ պայքարի, սոցիալ-տնտեսական վիճակը փոխելու համար, բայց էական փոփոխություն չի եղել:
Կարեն Նազարյանը պատասխանեց, որ համաձայնագրի սիրտը տնտեսական համագործակցության ոլորտային բաժինն է կազմում, որտեղ նշված են բարեփոխումների ուղղությունները, դրանց առանձնահատկությունները. «Համաձայնագրի դրույթները նաեւ ինտեգրացիոն այլ ձեւաչափերում ՀՀ ստանձնած պարտավորություններին համապատասխանում են եւ ես հույս ունեմ, որ դրա կիրարկման ճանապարհով մենք կունենանք առավել բարենպաստ միջավայր մեր տնտեսության զարգացման տեսլական իրականություն դարձնելու առումով»:
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, որը հարակից զեկուցող էր, իր ելույթում ասաց. «Առաջինն արձանագրենք՝ ստորագրված համաձայնագիրը ՀՀ-ի կողմից վարվող արտաքին քաղաքականության հաջողության պատմություններից մեկն է եւ այն պետք է արժեւորել ոչ միայն քաղաքական գնահատականներով, այլ նաեւ սպասվող հսկայական աշխատանքի ծավալով: Երկրորդն այն է, որ ՀՀ-ն առաջին անգամ եվրասիական ցամաքում ցույց տվեց, որ տարբեր ինտեգրացիոն գործընթացները համադրելի են, եթե կա նման քաղաքական կամք»:
Աշոտյանը շեշտեց, որ պարտավորությունները միակողմանի չեն եւ ԵՄ-ն նույնպես ունի պարտավորություններ այս համաձայնագրով. «Ուզում եմ սա դառնա մեզ մոտ նաեւ մտածելակերպային մշակույթ, որ համաձայնագրերով միայն մենք չէ, որ պարտավոր ենք անել»:
Արմեն Աշոտյանը նշեց խորհրդարանի դերի մասին:
ԱԺ-ն այս շաբաթ, հավանաբար, կվավերացնի համաձայնագիրը, դրանից հետո կլինի խորհրդարանական վերահսկողություն. «Չկա խորհրդարանում որեւէ հանձնաժողով, որն անելիք չունի այս համաձայնագրով»:
Աշոտյանը խնդրեց աշխատանքային խմբին, որը ղեկավարում է Վաչե Գաբրիելյանը, որ նախարարներին հանձնարարվի իդենտիֆիկացնել ոլորտային գործողությունների գերակայությունները. «Սա շատ կարեւոր է, որ փաստաթուղթը ստանա միս ու արյուն եւ չդառնա քաղաքական հայտարարությունների գրավիչ առարկա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ