«Հանուն Հայաստան պետության» ճակատի եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնության միացյալ հանրահավաքը ապրիլի 9-ին բացեց Լեւոն Բարսեղյանը: «Այսօր ազատվում ենք մեկից, որ տասնյակ տարիները Հայաստանին վնաս է տվել, նաեւ այստեղ են հացադուլավորներ` Պարգեւ պապը եւ Անդրանիկը»,-ասաց Բարսեղյանը: Նա հիշեցրեց պահանջի մասին, որն է Սերժ Սարգսյանի հեռացումը եւ քաղբանտարկյալների ազատումը:
«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Պետրոս Մակեյանը նշեց, որ մինչեւ ամսի 17-ը պետք է դեռ պայքարեն. «Առայժմ գործընթացի սկիզբ է»:
«Մարտի 23-ի հանրահավաքից հետո, հաշվի առնելով, որ մարտի 1-ի գործը քողարկված է, որոշել ենք հրապարակային դատավարություն անցկացնել»,-ասաց Մակեյանը: Հավելեց, որ հանդիպել են փաստահավաք խմբի եւ տարբեր շրջանակների հետ, վստահ է, որ հրապարակային դատավարությունը կվերածվի դասական գործընթացի:
Նա հույս հայտնեց, որ ԵՄ-ն հետեւողական կլինի, որպեսզի իմիտացիոն փոփոխություններ չլինեն Հայաստանում, ասաց նաեւ, որ «դրսում» հանդիպել են ԵՄ ներկայացուցիչների հետ: Պետրոս Մակեյանի կոչով հավաքվածները ողջունեցին Ժիրայր Սեֆիլյանին ու մյուսներին, որոնք կալանավայրերում են:
«Մենք ճակատի անունից հայտարարում ենք, որ գործող վարչախմբի դեմ ամենաարդյունավետ պայքարը խաղաղ, առանց զենքի, ժողովրդի ըմբոստացմամբ պայքարն է, իսկ բռնությանը դեմ ենք»,-շեշտեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի ներկայացուցիչը:
Նա նաեւ կոչ արեց դեսպանություններին, իրավապաշտպաններին, որպեսզի հնարավորություն չտան, որ իր խոսքով իշխանությունները սադրանքով բախումներ հրահրեն:
Մակեյանն ասաց, որ պայմանավորվածություններ են ձեռք բերել Նիկոլ Փաշինյանի եւ Սասուն Միքայելյանի հետ:
Նա նշեց, որ հանրահավաքին ներկա են Արամ Կարապետյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ