«Մեր առաջ կանգնած է Սերժ Սարգսյանի բանդան, որ մեր երեխաններին օգտագործում է մեր դեմ, բայց գալու է մի ժամանակ, որ մեր երեխեքը զենքը շրջելու են իրենց դեմ»,-ապրիլի 9-ին կայացած ընդդիմության հանրահավաքին հայտարարեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի ներկայացուցիչ Վոլոդյա Ավետիսյանը: Նա բոլորին կոչ արեց բռունցք դառնալ ու ազատվել իշխանություններից:
«Հանուն Հայաստան պետության» ճակատի հիմնադիրներից Ալբերտ Բաղդասարյանի խոսքով. «Այս համակարգը ստրկացնում է հայերին, համակարգը 20000 ոստիկան ունի, որոնք հարձակվում են ժողովրդի վրա, սա մանկուրտացման գործընթաց է»:
Նրա խոսքով, եթե համակարգը չփոխվի, արտագաղթը եւ հուսահատությունը չեն վերանա. «Ժամանակը հզոր է, այն Սերժին ուղարկեց տուն, մենք պետք է ժամանակն այնպես օգտագործենք, որ նա այլեւս հետ չգա, մարդիկ էլ հասկանան, որ կա ծրագիր, որ Հայաստանը լինի եվրոպական, մերձբալթյան երկրների նման»:
Նա հրապարակեց երեք էջից բաղկացած ծրագիր, որը, իր խոսքով, ոչ թե Աստվածաշնչյան ճշմարտություն է, այլ ծրագիր է, որը պետք է դրվի համաժողովրդական քննարկման:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ