Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը:
Քննարկմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հիմնական զեկուցող փոխարտգործնախարար Կարեն Նազարյանին հարցրեց, թե համաձայնագրի վավերացումից հետո Հայաստանի մասնակցության աստիճանը կբարձրանա՞ ԵՄ-ի քաղաքականության հետ կապված, ԵՄ ծրագրերի մշակման գործընթացում. «Ինչպե՞ս է դա կոնկրետ դրսեւորվելու եւ իրականացվելու, ՀՀ-ն ի՞նչ նոր դաշտ է ունենալու՝ մասնակցությունը ԵՄ քաղաքականության մեջ մեծացնելու առումով, սա ամենակարեւորր խնդիրներից մեկն է՝ իրոք գործընկերային դարձնելու մեր հարաբերությունները»:
Կարեն Նազարյանը պատասխանեց, որ «Նոր դաշտ ասելիս գոնե մենք այս փուլում հասկանում ենք այս նոր համաձայնագրի կիրարկման դաշտը, որը մեզ լայն հնարավորություններ է տալիս ԵՄ-ի հետ մեր քաղաքական եւ տնտեսական երկխոսության ընդլայնման համար: Այն նաեւ կարեւոր ազդակ կուղարկի ԵՄ անդամ երկրներին ՀՀ ներգրավվածությամբ՝ որպես կանխատեսելի գործընկեր: Արդեն ամենատարբեր ձեւաչափերում մեր երկիրը հանդես է գալիս, Արեւելյան գործընկերության ձեւաչափն է նաեւ, որը հնարավորություն է տալիս մեր երկրին մասնակից դառնալ առհասարակ եվրոպական մայրցամաքում տեղի ունեցող կարեւոր հարցերի քննարկումներին, մեզ հուզող հարցերին: Եթե սրան գումարենք մեր երկխոսության հարթակը, ուրեմն վստահորեն կարող ենք ասել, որ այդ շրջանակը առավել կընդլայնվի, կդառնա ավելի պահանջկոտ քննարկումների բովանդակության եւ խորության առումով եւ այդտեղ էլ ապավինում ենք ԱԺ-ի համագործակցությանը»:
Ռուստամյանը կոնկրետացրեց հարցը՝ ասելով, որ իր հարցի ենթատեքստում ԼՂ հարցն էր. «Մենք արդեն ունենք բոլորի համար ընդունելի եւ Մինսկի խմբի համար արդեն սովորական դարձած բառապաշարով արձանագրում ԼՂ հարցն ինչպես է պատրաստվում ԵՄ-ն կարգավորել եւ դա անելու է մեր համաձայնագրով նախատեսված դրույթներով: Մեր ամբողջ խնդիրն այն է, որ հիմա մենք գիտենք, որ Ադրբեջանն էլ օրինակի համար վաղը, մյուս օրը կարող է նույն ինչ-որ համաձայնագիր ունենալ: Արվո՞ւմ են արդյոք քայլեր, որ այդ քաղաքականությունը միասնական լինի: Մենք, դժբախտաբար, ունենք դառը փորձ, որ երբ տեղը գալիս է, ամեն մեկին համապատասխան ձեւակերպումներ են ունենում: Ադրբեջանի հետ կատարում են մի հայտարարություն, Հայաստանի հետ կատարում են մի այլ հայտարարություն եւ սա ընդհանրապես չի նպաստում հարցի կարգավորմանը: Հստակ մեխանիզմներ դրվելո՞ւ են հիմքում, որ մենք վստահ լինենք, որ ԵՄ քաղաքականությունը Ղարաբաղի հարցում լինելու է ամբողջապես այն շրջանակներում, որը նախատեսված է մեր այս համաձայնագրով»:
Նազարյանը պատասխանեց՝ այստեղ խոսքը գնում է կողմերի հանձնառության մասին: Համաձայնագրում հստակորեն ամրագրված է ԼՂ հակամարտության կարգավորման համար ՀՀ հանձնառության կարեւորությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորման հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը:
Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իսկապես հստակ փաստաթուղթ կա, որին պիտի հենվի ԵՄ-ն, բայց շատ լավ գիտենք, որ Հարավային Կովկաս-ԵՄ համագործակցության հանձնաժողովը, Ադրբեջանի հետ համագործակցության հանձնաժողովը վերջին, ինչու չէ նաեւ նախավերջին համատեղ հայտարարության մեջ ԼՂ-ի մասով բացարձակ անընդունելի ձեւակերպում էր ներառել. «Կարծում եմ, մեր գործընկերների մտահոգությունն այն է, որ այսուհետ ԵՄ-ն, անկախ սուբյեկտից, անկախ նրանից՝ դա ՀՀ-ն է, թե Ադրբեջանը, կոնկրետ իր ձեւակերպումներում հավատարիմ մնա իր իսկ ընդունած փաստաթղթերին եւ իր իսկ որդեգրած քաղաքականությանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ