ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ապրիլի 9-ին ընդունել է Քաթարի Պետության Խորհրդակցական խորհրդի փոխնախագահ Մուհամմադ ալ-Սուլեյթիին:
Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նորանշանակ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան այցելելու համար:
ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ փոխնախագահի այցը կնպաստի երկու երկրների հարաբերությունների խորացմանը եւ ամրապնդմանը:
Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է 2017 թվականի մայիսին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Քաթար, որը շրջադարձային նշանակություն է ունեցել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար:
Արա Բաբլոյանն անդրադարձել է միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը եւ խորհրդարանական բարեկամական խմբերի ձեւավորման անհրաժեշտությանը:
Զբոսաշրջության եւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է ՀՀ կառավարության՝ նախորդ տարվա հունիսի որոշմամբ Քաթարի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ազատականացումը:
Արա Բաբլոյանն իր մտահոգությունն է հայտնել Քաթարի Պետության շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ եւ հույս հայտնել, որ հարցը կլուծվի դիվանագիտական ճանապարհով:
Մուհամմադ ալ-Սուլեյթին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստան են այցելել Քաթարի էմիրի շնորհավորանքները ՀՀ նորանշանակ նախագահին փոխանցելու համար: Ալ-Սուլեյթիի խոսքով՝ Քաթարում բարձր են գնահատում հայերին եւ Հայաստանը՝ ելնելով տարածաշրջանում հայկական համայնքի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքից:
Փոխնախագահը փաստել է, որ ակնհայտ է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը եւ փոխըմբռնման մթնոլորտի ստեղծումը, որը հնարավորություն կտա զարգացնելու համագործակցությունը տարբեր բնագավառներում:
Մուհամմադ ալ Սուլեյթին ՀՀ ԱԺ նախագահին տեղեկացրել է, որ առաջիկայում կավարտվեն միջխորհրդարանական բարեկամական հանձնաժողովների ձեւավորման աշխատանքները եւ հույս հայտնել, որ դա լրացուցիչ ազդակ կդառնա միջխորհրդարանական գործակցության խորացման համար:
Քաթարի Պետության Խորհրդակցական խորհրդի փոխնախագահը հայ ժողովրդին մաղթել է հաջողություն եւ առաջընթաց:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Քաթարի Պետության Խորհրդակցական խորհրդի նախագահին հրավիրել է Հայաստան:
ՀՀ Ազգային ժողով