Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ են ԵՄ երկրները վավերացնելու ՀՀ-ի հետ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը

Ապրիլ 09,2018 18:25

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Քննարկմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը ներկայացրեց բանակցությունների ընթացքը, նոր համաձայնագրի կառուցվածքը:

Նա ասաց, որ համաձայնագիրը կնպաստի ավելի սերտ տնտեսական համագործակցությանը նաեւ:

ՀՀԿ պատգամավոր Միհրան Հակոբյանը հարցրեց՝ ԵՄ անդամ երկրները մոտավորապես ե՞րբ կվավերացնեն այս համաձայնագիրը: Փոխնախարարը պատասխանեց.

«Մենք գործ ունենք ԵՄ 27 անդամ պետությունների հետ, մեկն արդեն վավերացրել է՝ Էստոնիան, մյուս ուղղություններով աշխատանքներ տարվում են»: Կարեն Նազարյանն ասաց, որ եթե նույնիսկ դա տեղի չունենա ամբողջությամբ, ապա ԱԺ վավերացումից հետո հայկական կողմը կծանուցի այդ մասին եվրոպական կողմին, որից հետո մենք երկրորդ ամսվա առաջին օրը կարող ենք սկսել համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը.

«Խոսքը գնում է համաձայնագրի առավելագույն 80 տոկոս մասի կիրարկման մասին, որը շատ հավակնոտ եւ պարտավորեցնող մի գործընթաց է լինելու: Մենք կարեւորում ենք ԵՄ անդամ երկրների կողմից վավերացման գործընթացը, այդ ուղղությամբ տարվում են թիրախային քննարկումներ եւ աշխատանքներ մեր դեսպանությունների կողմից, նաեւ այստեղ հավատարմագրված ԵՄ անդամ երկրների հետ, բայց եւ այնպես, եթե ամեն ինչ ընթանա ժամանակացույցի համաձայն, ԱԺ-ն վավերացնի, հունիսի 1-ին ծանուցումից հետո մենք կարող ենք սկսել համաձայնագրի կիրարկումը»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ 2019-ին Եվրոպական խորհրդարանի ընտրություններ են, ուստի սպասում են, որ մինչեւ 2019-ի ամռանը ԵՄ երկրները կվավերացնեն, մայիսի 2-րդ շաբաթում ԵԽ-ն կանդրադառնա փաստաթղթին:

Կարեն Նազարյանն ասաց, որ չկանխատեսելով ԵՄ անդամ երկրների քայլը, իրենց հետ հանդիպումներում ԵՄ գործընկերները վստահեցնում են, որ վավերացման գործընթացը տեղի կունենա բավականին արագ:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը հետաքրքրվեց, թե ընդհանուր ֆինանսների ծավալը որքա՞ն է: Նազարյանը պատասխանեց, որ ԵՄ-ն անշուշտ իր մասնակցությունը կունենա այս համաձայնագրի դրույթների իրականացման հարցում, գոյություն ունի «Միասնական աջակցության շրջանակ» փաստաթուղթը, որն ուղղորդում է ամբողջ ֆինանսական աջակցությունը մի քանի տարիների՝ 2017-2020թթ համար:

Կարեն Նազարյան ասաց, որ այստեղ խոսքը գնում է մինչեւ 176 մլն եվրոյի մասին, որը կունենա տարեկան բաշխում: Այս հարցում արդեն ՀՀ փոխվարչապետն է ներգրավել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30