«Դա հաճախորդության թվին պատկանելու հայտարարություն է»: «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն այսպես բնութագրեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը նորընտիր նախագահի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր մասնակցել է Արմեն Սարգսյանի երդմնակալությանը եւ հայտարարել, որ նա լեգիտիմ նախագահ է:
«Դա Սերժ Սարգսյանի գործակալական ցանցը կրող հայտարարություն է: Ցավում եմ, որ տվյալ անձը նման հայտարարությամբ է հանդես եկել, քանի որ այն խորհրդարանը, որը ձեւավորվել է 2017-ին, անօրինական է եւ չի կարող առաջադրել կամ ընտրել որեւէ մեկին, բացի այդ, մինչ 2017-ը մենք նույն այս օրը անցել ենք 2013 թվականին, 5 տարի առաջ ես եղել եմ Բաղրամյան պողոտայում։ Հարձակվել են մարդկանց վրա, ճնշել են ժողովրդի արդար ցասումը, եւ Արմեն Սարգսյանը լռել է»,-ասաց Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա՝ ովքեր նման հայտարարություն են անում, նրանք բռնակալական համակարգի հաճախորդներն են. «Այդ պաշտոնական հայտարարություն անողները հաճախորդաց ցանկի մեջ են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ