Այսօր Գյումրու «Մուշ թաղամասում» գտնվող թիվ 23 դպրոցի բակում բացվեց Արարատ լեռը հիշեցնող խաչքար՝ ի պատիվ Թալիշում ապրիլյան քառօրյայի ժամանակ նահատակված 170 դիրքի 4 հետախույզների։ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հետախույզները դիրքի հրամանատար ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի գլխավորությամբ մի քանի անգամ հետ են շպրտել թշնամու հատուկ ջոկատայինների հարձակումները։ Նրանք կյանքի գնով պահել են դիրքը՝ զոհվելով ու չթույլատրելով թշնամուն մոտենալ։ Նրանք եղել են 9 հոգի, որից 4-ը՝ Մերուժան Ստեփանյանը, շարքայիններ Վիտկոր Յուզիխովիչը, Աղասի Ասատրյանը, Ռաֆիկ Հակոբյանը նահատակվել են։
Արարատի տեսքով խաչքարը խորհրդանշում է նրանց՝ մեզանից հեռու, սակայն հավերժ մեր հետ լինելը։
Նման խորհրդանշական խաչքար տեղադրելու գաղափարը Մերուժան Ստեփանյանի հորն է՝ Արթուր Ստեփանյանինը։ Նա մեզ հետ զրույցում ասաց. «Այս անգամ որոշեցինք խորհրդանշական հուշաքար տեղադրել, Արարատն էլ մեզանից շատ հեռու է, բայց միշտ մեր աչքի առաջ է։ Մեր տղաներն էլ Արարատի պես մեզանից հեռու են, բայց միշտ մեր կողքին են, միգուցե ֆիզիկապես չկան, բայց հոգով միշտ մեր հետ են։ Իսկ խաչը մեր հույսի, հավատի խորհրդանիշն է։ Մենք հավատում ենք, որ կգա այն օրը, երբ մեր ժողովուրդը խաղաղություն կտեսնի, կապրի լիարժեք խաղաղ կյանքով»։
Արթուր Ստեփանյանն ասում է, որ 170 դիրքի հետախույզներն անցել են ձեռնամարտի, երբ սպառվել է զինամթերքը։ «Հետախուզական դասակում բոլորը ֆիզիկապես զարգացած մարզիկներ են, բոլորն էլ հզոր, ուժեղ տղաներ, ցանկացած պահի պատրաստ են պայքարել, նույնիսկ ձեռնամարտի միջոցով, որը և ցույց են տվել։ Փամփուշտ ունեցել են, դիրքեր բարձրանում են որոշակի քանակությամբ զինամթերքով, բայց պատկերացրեք, այդպիսի հուժկու հարվածի դեմ պայքարում են մոտ 14 ժամ անընդմեջ և զինամթերք հասցնողը թշնամու կողմից դարանակալության է ենթարկվում, ընկնում է թշնամու թիրախից։ Հայկ Թորոյանն էր իր վարորդի հետ, նրանք էին զինամթերք հասցնում, ցավոք, տեղ չհասան, իսկ տղաների զինամթերքը սպառվել է, այդ պատճառով էլ անցել են ձեռնամարտի։ Իսկ մեր տղաները կռվել են մինչև արյան վերջին կաթիլը՝ չթույլատրելով թշնամուն առաջ շարժվել», -ասում է Արթուր Ստեփանյանը։
Այս դիրքից ընդամենը երկուսն են հրաշքով փրկվել։
Այս դիրքի բոլոր նահատակները հետմահու պարգևատրվել են ՀՀ «Մարտական Խաչ» 1-ին աստիճան շքանշաններով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ