«Եթե ՀՅԴ-ն մեծամասնություն ունենար, վարչապետի թեկնածուն «դաշնակցական» կլիներ: ՀՀԿ-ի հետ գործընկերներ ենք, բայց ունենք մեր տեսակետը, իրենք էլ՝ իրենց: Եթե կարողանայի, դաշնակցական թեկնածուի կընտրեի, բայց քանի որ չեմ կարող, հարգում եմ իրենց տեսակետը»,-ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության ավարտին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ մի քանի օրից ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն, ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանն է լինելու:
Մեկնաբանելով այն փաստը, որ դեռեւս 2014թ. Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, Մարգարյանը նշեց. «Հավակնել բառն առաձգական է եւ տարբեր նշանակություններ կարող է ունենալ: Նա իր հավակնության մասին է խոսել, ոչ թե ՀՀԿ-ի»:
Ինչ վերաբերում է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի խոսքով. «Ճիշտ է, ՀՀԿ-ի թեկնածուն է, բայց հանրապետական չէ: Նրա անձը խոստումնալից է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ