«Ես ինքս ինձ սովորեցրել եմ դրականը տեսնել»,-ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության ավարտին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը՝ պատասխանելով հարցին, թե Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարում ի՞նչ ձեռքբերումներ կան:
Նա չի համարում, թե Սերժ Սարգսյանը ձախողվել է, եւ որպես մեկ ձեռքբերում մատնանշում է ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:
«Նա Ռուսաստանի նախագահին համոզեց, որ դա անհրաժեշտ քայլ է ոչ միայն մեր, այլեւ Եվրոպայի եւ Ռուսաստանի համար»,-համոզմունք հայտնեց կոմպոզիտորը:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ անփոխարինելի լինելու մասին ՀՀԿ-ականների կարծիքներին, Ամիրխանյանի խոսքով. «Ոչ ոք անփոխարինելի չէ: Բայց եթե բանը հասել է այստեղ, նրա շարունակականությունը բնական պետք է լինի»:
Ճշտող հարցին՝ երկրի հաջորդ փաստացի ղեկավարի դերում տեսնում եք Սերժ Սարգսյանի՞ն, Ամիրխանյանը պատասխանեց. «Ինչո՞ւ չէ»:
Կոմպոզիտորը չմեկնաբանեց Սերժ Սարգսյանի կողմից մշակույթի որոշ գործիչներին քննադատությունների ներքո մեդալներ շնորհելը: «Դուք «նեգատիվ» տրամադրության մեջ եք»,-մեղադրեց նա լրագրողին:
Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ