«Գերատեսչությունները կան, տարբերություն չկա, թե ով է իրականացնելու գերակա խնդիրների լուծումը: Ես պարզապես աշխատանքի եմ գնում հիմա»,-ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունից հետո այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Ալթունյանը: Նա չցանկացավ մեկնաբանել, թե արդյոք առաջիկայում ինքը վերանշանակվելո՞ւ է նույն պաշտոնում: «Իսկ ցանկություն ունե՞ք» հարցին նա այսպես արձագանքեց. «Ես այդ ուժն ունեմ»:
Լեւոն Ալթունյանը չպատասխանեց նաեւ հարցին, թե իր պաշտոնավարման ընթացքում, քննադատված աղմկոտ որոշումներից բացի, օգտակար բան կարո՞ղ է մատնանշել: «Հարցրեք քննադատողներին»,-ասաց նա:
Իրենց պաշտոնավարման շարունակականության մասին հարցերից խուսափեցին նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը, Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը:
ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը եւս խուսափեց լրագրողների հետ զրույցից, իսկ Պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Արտակ Զաքարյանն իր՝ նախարարի պաշտոնում նշանակելու մասին լուրերը «սուտ բաներ» որակեց:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ