ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով բացահայտվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը հանիրավի մեղադրվել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:
Այսպես, ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործով մեղադրյալ Քյարամ Քալաշյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ Քննչական կոմիտեի քննիչ Աշոտ Բադալյանը իրեն որպես մեղադրյալ հարցաքննելիս հարցաքննության արձանագրությունում մտցրել է կեղծ տեղեկություններ այն մասին, թե, իբր, ինքը առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և խնդրել հնարավորության դեպքում իրեն ենթարկել ավելի մեղմ քրեական պատասխանատվության, մինչդեռ ինքը նման տեղեկություն չի հայտնել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ք. Քալաշյանը քննիչ Ա. Բադալյանի մոտ որպես մեղադրյալ հարցաքննվել է նախկին պաշտպանի մասնակցությամբ, իսկ հետագայում` պաշտպանի փոփոխությունից հետո, քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով նոր մարտավարություն է ընտրել` փորձելով հրաժարվել նախկին ինքնախոստովանական ցուցմունքներից: Այդ պատճառով Հատուկ քննչական ծառայությանը սուտ տեղեկություններ է հաղորդել ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ: Ըստ այդմ` որոշում է կայացվել հիշյալ քննիչի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ Ք. Քալաշյանի կողմից հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում Ք. Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել 333-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն