Մայրաքաղաքի «Մարզաձեւերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ մարզադահլիճում ավարտվեց Կիոկուշին կարատեի Եվրոպայի մեծահասակների եւ պատանիների առաջնությունը, որին մասնակցեց 27 երկրի շուրջ 700 մարզիկ:
Նախապես մասնակցության հայտ ներկայացրած եւ հետագայում հրաժարված Թուրքիայի հավաքականի օրինակին հետեւեց նաեւ այդ երկրի մյուս թիմը, որը վերջին պահին չժամանեց Երեւան:
Հայաստանը որպես կազմակերպիչ երկիր հանդես եկավ երկու հավաքականով եւ բոլոր տարիքային խմբերի եւ քաշային կարգերի պայքարում ընդհանուր առմամբ նվաճեց 17 մեդալ, որից 1-ը՝ ոսկե (Լաուրա Թովմասյան, երեխաներ, 10-11 տարեկան, -25 կգ քաշային կարգ), 4-ը՝ արծաթե եւ 12-ը՝ բրոնզե: Մեծահասակների եւ պատանիների (16-17 տարեկաններ) պայքարում Հայաստանի ներկայացուցիչները, համապատասխանաբար, նվաճեցին մեկ արծաթ՝ Հովհաննես Սարգսյան, եւ մեկական արծաթ՝ Ազատ Ալոյան եւ բրոնզ՝ Արկադի Բաղդասարյան:
Առաջնության ավարտից հետո Aravot.am-ը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանից հետաքրքրվեց, թե գո՞հ է մեր մարզիկների ցույց տված արդյունքներից: «Ընդհանուր առմամբ բավարարված եմ, թեեւ մի փոքր ավելին՝ նաեւ ոսկե մեդալ էի սպասում մեր մեծահասակներից եւ ավագ տարիքի պատանիներից: Բայց հաշվի առնելով, որ սա Եվրոպայի պաշտոնական առաջնություն էր, որին մասնակցում էին կոնտակտային այս մարզաձեւի բոլոր ուժեղագույն վարպետները, հատկապես այս տարիքային խմբում նվաճված երկու արծաթն ու մեկ բրոնզը վատ ցուցանիշ չէ: Ավելի լավ է մասնակցել ուժեղ առաջնության եւ արծաթե ու բրոնզե մեդալակիր դառնալ, քան թույլ մրցումում ոսկիներ նվաճել», – ասաց նա:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե Հայաստանում գործող արեւելյան կոնտակտային մարտարվեստների բազմաթիվ ֆեդերացիաները ինչո՞ւ մարզիկներ չէին ներկայացրել, Անդրանիկ Հակոբյանը պատասխանեց. «Այդ հարցը պետք է նրանց ուղղել: Ես իմ վերջին հանրային ելույթներում եւ հարցազրույցներում բազմիցս հայտարարել եմ Հայաստանում կայանալիք Եվրոպայի առաջնության մասին ու բոլորին հրավիրել՝ իրենց թիմերով կամ անհատ մարզիկներով մասնակցելու: Եվրոպայի առաջնությունում նրանց բոլորի առջեւ դռները բաց են եղել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ