Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և աշխարհասփյուռ հայերին համախմբող Քոչարի պարը տեսագրվելու և տեղադրվելու է համացանցում

Ապրիլ 09,2018 15:51

Հայկական ավանդական քոչարին ոչ միայն մեր մշակույթի այցեքարտերից մեկն է, այն նաև հայ ժողովրդի ինքնության, ինքնաարտահայտման մի մասնիկը, որ ապրում է յուրաքանչյուրի հոգում` անկախ բնակության վայրից ու տարածությունից:

Քոչարին նաև համախմբման մեծ ուժ ունի, որն էլ դարձել է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հայ համայնքի հերթական նախաձեռնության առանցքը` «Արի պարի Քոչարի» անունը կրող ֆլեշմոբով` նվիրված Հայաստանի 1-ին Հանրապետության 100 և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակներին:

Գրենոբլի մշակույթի տան ադմինիստրատիվ վարչության անդամ Սիրանուշ Խաչատրյանի փոխանցմամբ` «Արի պարի Քոչարի» նախաձեռնությունը առաջին համահայկական ֆլեշմոբն է, որը փորձ է աշխարհի 6 մայրցամաքներում ապրող հայերին նույն օրը` մայիսի 26-ին, համախմբելու մեկ պարի շուրջ` ի նշան մեր ժողովրդի միասնության և մեր փառավոր հաղթանակների:

Նախաձեռնությունը կյանքի կոչելու համար ֆլեշմոբի հեղինակներին միացել են Իզերի դեպարտամենտը, Գրենոբլի քաղաքապետարանը, աջակիցներն են ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Լիոնի փոխհյուպատոս Գայանե Մանուկյանը:

Ֆլեշմոբին կարող են մասնակցել բոլորը` պարային համույթներ, այս նախաձեռնության շրջանակներում ինքնակազմակերպված խմբեր` առանձին շենքերից, կոլեկտիվներից մինչև համայնքներ:

Մինչ օրս Սևան համայնքից «Արի պարի Քոչարի» ֆլեշմոբին մասնակցելու հայտ են ներկայացրել «Սևան» /գեղարվեստական ղեկավար, պարուսույց` Իշխան Խաչատրյան/, «Ախթամար» /գեղարվեստական ղեկավար Արմեն Խաչատրյան, պարուսույց` Պարգև Վարդանյան/, «Հայորդի» /պարուսույց` Հրաչյա Խաչատրյան/ ժողովրդական պարերի համույթները, Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցը, Սևանի համայնքապետարանը:

Մայիսի 26-ին Սևան քաղաքի գլխավոր փողոցը` Նաիրյանը, կշնչի հայկական Քոչարիով:

Հայաստանի և աշխարհասփյուռ հայերին համախմբող Քոչարի պարը տեսագրվելու և տեղադրվելու է համացանցում:

Նախագծի կազմակերպիչները վստահ են, որ ֆլեշմոբի մասնակիցները զարմացնելու, հիացնելու, ապրեցնելու են իրենց պարով` դառնալով այս ինքնատիպ նախաձեռնության կյանքի կոչողներն ու գլխավոր հերոսները:

Հավելենք, որ ֆլեշմոբին մասնակցել ցանկացող համույթների և խմբերի հայտագրումը շարունակվում է:

 

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30