«Արդեն կուրսը կա, ծրագիրը կա, վարչապետն էլ պետք է այդ ծրագիրն իրականացնի»,-ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունից հետո այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն փաստին, որ ՀՀԿ-ն դեռեւս չի ներկայացրել վարչապետի թեկնածուին, ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը:
Նա հիշեցրեց, որ առաջադրման ժամկետին մի քանի օր է մնացել ու չհստակեցրեց՝ Սերժ Սարգսյա՞նն է թեկնածուն:
Ազիզյանը նաեւ ասաց՝ չգիտի, թե ինչու Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը. «Դրանում ոչ մի արտառոց բան չկա, չգիտեմ»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Ծառուկյան խմբակցությունը սատարեց ՀՀԿ նախագահի թեկնածուին, բայց Ծառուկյանն այսօր ներկա չէ. խնդի՞ր կա»: Պատգամավորը բացասական պատասխան տվեց, ապա խոսքն ուղղեց՝ «դե, երեւի անձնական պատճառ կար», հետո նորից վերաշարադրեց ասածը՝ «չէ, չկա…»:
Մեկնաբանելով ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» քայլարշավը, որն ուղղված է Սերժ Սարգսյանի դեմ, Նապոլեոն Ազիզյանը համոզմունք հայտնեց. «Հիմա իշխանափոխության համար ոչ ժամանակ կա, որ իրավիճակ»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ