Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պյոտր Սվիտալսկի. շատ լավատես եմ Հայաստանի ապագայի հանդեպ, որովհետև այս առումով դուք չեք տարբերվում այլ եվրոպացիներից, ում ես ճանաչում եմ. «Ազատություն»

Ապրիլ 09,2018 14:46

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին:

«Ազատություն». ֊ Պարո՛ն դեսպան, ինչպես գիտեք՝ թղթի վրա իսկապես որոշակի բարեփոխումներ կան, ստեղծվել է Բարձրագույն դատական խորհուրդ, որը պետք է ապահովի դատարանների անկախությունը, բայց ի՞նչ եք կարծում, սա իսկապե՞ս այդպես կլինի, արդյո՞ք սա իրական բարեփոխում է, որը կարող է ապահովել դատարանների անկախությունը։ Մարդիկ դրան այնքան էլ չեն հավատում, նրանք շարունակում են չվստահել դատարաններին։

Սվիտալսկի. ֊ Եվրոպական միությունը ֆինանսավորել է մի ծրագիր, որը իրականացվել է միջազգային փորձագետների մասնակցությամբ, և այդ փորձագետների իրականացրած վերլուծության համաձայն, հայաստանցիների շուրջ 30 տոկոսը վստահում է դատարաններին։

«Ազատություն». ֊ 30 տոկո՞ս։

Սվիտալսկի. ֊ Այո, 30 տոկոս։ Ես չգիտեմ, որքանով է այս թիվը արժանահավատ։

«Ազատություն». ֊ Հավանաբար դրանք այն մարդիկ են, ովքեր դատարանում գործը շահել են։ Մյուս 70 տոկոսը տանուլ են տվել։

Սվիտալսկի. ֊ Ոչ, եթե այդպես լիներ, հարաբերակցությունը պետք է 50:50 կազմեր։ Քաղաքացիական դատավարություններում 50:50 պետք է լինի, մարդկանց կեսը գոհ է մնում, մյուս կեսը՝ դժգոհ։ Այ՝ քրեական գործերի դեպքում, հավանաբար այլ հարաբերակցություն է, բոլոր դատապարտյալները դժգոհ են մնում։ Բայց կատակը մի կողմ՝ Եվրամիության տեսանկյունից դատական համակարգի բարեփոխումը Հայաստանի համար կարևորագույն խնդիրներից մեկն է։ Եվ երբ մարդիկ ինձ հարցնում են, ինչպե՞ս ուժեղացնել ժողովրդավարությունը Հայաստանում, ինչպե՞ս ապահովել օրենքի գերակայությունը, ինչպե՞ս ուժեղացնել մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչպե՞ս բարելավել բիզնես միջավայրը, ես բոլորին նույն պատասխանն եմ տալիս՝ անկախ դատական համակարգ, լավ դատարաններ։ Դա ամեն ինչի անկյունաքարն է։ Ահա թե ինչու ենք մենք Հայաստանի կառավարության, իշխանությունների հետ մեր երկխոսության ընթացքում այդքան մեծ ուշադրություն դարձնում այս խնդրին, ահա թե ինչու է մեր քաղաքական և տեխնիկական գործունեության օգնության զգալի մասը ուղղված այս խնդրի լուծմանը։

Անցյալ տարի մենք Հայաստան բերեցինք շատ փորձառու եվրոպացի դատավորների մի խումբ, ինչպես նաև իրավաբան մասնագետներ, ովքեր հանդես եկան, այսպես կոչված՝ «գործընկերային ընդդիմախոսությամբ»։ Այդ մասնագետները ներկայացնում էին եվրոպական տարբեր երկրներ՝ Գերմանիա, Իտալիա, Պորտուգալիա։ Եվ նրանք ներկայացնում էին իրենց տեսակետները և խորհուրդներ տալիս հայաստանյան գործընկերներին։ Մենք քննարկումներ անցկացրեցինք և պատրաստվում ենք հավելյալ քայլեր իրականացնել, որովհետև կարծում ենք, որ այս որոշ բացահայտումներ շատ կարևոր են, նրանք որոշակի առաջնահերթություններ վեր հանեցին, որոնք առանցքային դեր կարող են խաղալ անկախ դատական համակարգ ստեղծելու ճանապարհին։

Մեզ համար սա առաջնահերթություն է, և մենք հույս ունենք, որ նոր ստեղված ինստիտուտները, այդ թվում նոր Խորհուրդը, կօգնեն, որպեսզի բնակչության վստահության մակարդակը բարձրանա։ Որովհետև, ի վերջո, հենց հայաստանցիներն են տալու այս բարեփոխումների արդյունավետության գնահատականները, ոչ թե Եվրոպական միությունը։ Հենց Հայաստանի քաղաքացիները պետք է ասեն՝ մենք վստահում ենք դատարաններին։ Իսկ քանի դեռ նրանք դա չեն ասում, մենք անելիք ունենք։

«Ազատություն». – Այժմ անդրադառնանք քաղաքականությանը։ Մենք գիտենք, որ Եվրամիությունը շատ է օգնում մարդու իրավունքների, խոսքի ազատության, ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում։ Դուք ֆինանսավորում եք շատ ծրագրեր։ Բայց այս քաղաքական համակարգի փոփոխությունից հետո, մենք հիմա տեսնում ենք մեծ քաղաքական տեղափոխում։ Նախագահի պաշտոնը դառնում է ավելի շատ խորհրդանշական պաշտոն ու տեսնում ենք, որ գործադիր իշխանության փաստացի ղեկավարը կլինի վարչապետը։ Իշխող կուսակցությունը կառաջադրի իր թեկնածուին, ինչից հետո էլ այս թեկնածուն կմասնակցի խորհրդարանում կայանալիք ընտրություններին։ Քանի որ իշխող կուսակցությունը մեծամասնություն ունի խորհրդարանում, գրեթե միանշանակ է, որ նրա թեկնածուն էլ կհաղթի ընտրություններում։ Այժմ շատերը կարծում են, որ հենց գործող նախագահն է լինելու Հանրապետական կուսակցության թեկնածուն ու որ նա հեշտությամբ կկարողանա վարչապետ կընտրվի։ Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ։ Շատերը Հայաստանում, խոսքս վերաբերում է ընդդիմությանը, գոհ չեն նման իրավիճակից։ Նրանք կարծում են, որ ապագա վարչապետը իր ձեռքին կկենտրոնացնի չափազանց շատ լիազորություններ։ Մենք տեսանք, որ չնայած Սահմանադրությամբ նախագահն էլ է օժտված որոշ լիազորությունների շրջանակով, այնուամենայնիվ նոր օրենքներով և կարգավորումներով նրանցից շատերը փոխանցվել են վարչապետին, ով կլինի երկրի իրական առաջնորդը։ Ի՞նչ մտքեր ունեք այս իրավիճակի մասին։ Արդյո՞ք դա նորմալ եք համարում ժողովրդավարության տեսանկյունից, երբ երկու հնգամյա ժամկետ ծառայած նախագահը կառաջադրվի այսպես ասած «երրորդ ժամկետի» համար։

Սվիտալսկի. – Սկսենք կառավարման մոդելից։ Եվրամիությունում կան տարբեր կառավարման մոդելներով երկրներ։ Ունենք նախագահական համակարգով երկրներ, կիսանախագահական համակարգով երկրներ, խորհրդարանական կառավարման համակարգով երկրներ, ինչպես նաև գոյություն ունեն տարբեր տեսակի խորհրդարանական կառավարման համակարգեր՝ մեկպալատանի, երկպալատանի խորհրդարաններով։ Տարբեր համակարգեր կան։ Խնդիրը, սակայն, համակարգի մեջ չէ։ Ամեն երկիր պետք է մշակի այն համակարգը, որ բխում է նրա կարիքներից ու պայմաններից։ Այստեղ ոչ ոք չի կարող մշակել իդեալական մոդելը։ Յուրաքանչյուր երկիրը պետք է փնտրի ու գտնի իր օպտիմալ մոդելը։ Եվրամիությունը երբեք չի խոսում այն մասին, թե որ մոդելն է ավելի լավը։ Որովհետև այն կախված է տեղական հանգամանքներից։ Հարցը չի վերաբերում մոդելին, որպես այդպիսին։ Հարցը վերաբերում է կայուն ժողովրդավարական համակարգի համար անհրաժեշտ որոշակի հիմնարար նախադրյալներին։ Որո՞նք են այն նախադրյալները։ Առաջին շատ ակնհայտ նախադրյալը դա իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքն է։ Մենք գիտենք, որ առողջ ժողովրդավարությունը պետք է խարսխված լինի իշխանության ճյուղերի հստակ տարանջատման վրա՝ գործադիր, օրենսդիր, դատական իշխանություն։

Շատ երկրներում, այդ թվում նաև ԵՄ անդամ պետություններում, լինում է գայթակղություն, հատկապես գործադիրի կողմից, այլ ճյուղերի վրա որոշակի վերահսկողություն սահմանելու։ Բայց ամենագլխավոր բանն այն է, որ պետք է կարողանալ ապահովել ճյուղերի անկախության և տարանջատման հստակ երաշխիքները։ Դա հատկապես վերաբերում է դատական իշխանությանը։

Շատ երկրներում գիտակցում են, որ քանի դատական իշխանությունը առողջ է, անկախ ու անջատ, այլ տարրերն էլ բավականին լավ կաշխատեն։ Դա իշխանության ճյուղերի տարանջատումն է։ Կարծում եմ, որ Հայաստանը պետք է լավ մոդել կառուցի իշխանության այս երեք ճյուղերի՝ գործադիրի, օրենսդիրի, դատական իշխանություն տարանջատման համար։ Նրանք բոլորը պետք է լինեն ուժեղ։ Եթե մեկը մյուսներից ուժեղ է, անհավասարակշռություն է ստեղծվում։

Երկրորդ տարրը դա հակակշիռներն ու զսպումներն են։ Կրկին դա հին գյուտ է, ի դեպ՝ ոչ եվրոպական, բայց շատ կարևոր։ Այս ճյուղերի միջև ու այս ճյուղերի ներսում պետք է ունենալ լիազորությունները հավասարակշռելու մեխանիզմներ։ Գործադիր իշխանությունում, օրինակ, ունեք հավասարակշռող լիազորություններ նախագահի ու վարչապետի միջև կամ կարող եք ունենալ հավասարակշռող լիազորություններ կենտրոնական գործադիր ու տեղական գործադիր մարմինների միջև։ Կառավարական կառույցների և այլ հանրային կառույցների, այդ թվում հանրության, միջև։ Օրենսդիր իշխանությունում դա նույնն է։ Կան տարբեր օրինակներ տարբեր երկրներում։

Չեմ ուզում մեր հարցազրույցը դասախոսության վերածել, բայց իշխանության ճյուղերի միջև ու նրանց ներսում այս հակակշիռներն ու զսպումները շատ կարևոր են։ Որոշակի առումով նրանք քաղաքական մշակույթի մաս են կազմում։ Պետք է շատ երկար տարիներ անցնեն, որ կարողանաս մշակել նման հակակշիռների ու զսպումների մեխանիզմները։ Մեկ այլ շատ կարևոր տարրը իրավապահ մարմինների քաղաքական չեզոքությունն է։ Դա շատ կարևոր է նրանց գործունեության վերաբերյալ հանրային վստահության համար։ Իրավապահ մարմիններ ասելով նկատի ունեմ դատախազությունը, քննչական կոմիտեն, ոստիկանությունը, հատուկ ծառայությունները և այլն։ Որովհետև այս ուժային կառույցները շատ կարևոր են։ Մարդիկ պետք է շատ մեծ վստահություն ունենան, որ նրանք չեն ծառայում որևէ քաղաքական ճամբարի կամ որևէ քաղաքական կառույցի, բայց ծառայում են պետությանը, հասարակությանը, հասարակ քաղաքացիներին։ Ու դա շատ կարևոր է։ Մենք դա տեսնում ենք շատ այլ երկրներում, այդ թվում Եվրամիության անդամ երկրներում։ Այնպես որ, սրանք են այն տարրերը, որոնք շատ կարևոր են երկարաժամկետ առումով։ Ոչ մի երկրի չի հաջողվել կարճ ժամանակում կառուցել քաղաքական կառավարման զարգացած համակարգ։ Որոշ երկրներ դեռ խնդիրներ ունեն, քանի որ ստիպված են հաղթահարել անցյալի ժառանգությունը, այդ թվում ավտորիտար ռեֆլեքսները, ավտորիտար սովորությունները, այդ թվում մտածելակերպի մեջ։ Մարդիկ մարդ են մնում։ Նրանք մտածելակերպ ունեն։ Այնպես որ, դա հասուն քաղաքական մշակույթի հարց է։

Ես լավատես եմ, որովհետև Հայաստանում իմ երկուսուկես տարվա աշխատանքի ժամանակ ես հնարավորություն եմ ունեցել տեսնելու, որ գենետիկորեն հայերը ազատասեր ժողովուրդ են, նրանք սիրում են իրենց զգալ ազատ, նրանք սիրում են ազատ արտահայտվել, նրանք սիրում են զգալ իրենց ինքնիշխան։ Այնպես որ, եթե Դուք ինձ հարցնեք, ես կասեմ, որ շատ լավատես եմ Հայաստանի ապագայի հանդեպ, որովհետև այս առումով դուք չեք տարբերվում այլ եվրոպացիներից, ում ես ճանաչում եմ։ Իհարկե ունեք ժառանգություն, տարբեր գործոններ, որ պետք է հաշվի առնել, այդ թվում աշխարհաքաղաքական գործոններ։ Բայց որպես ժողովուրդ, որպես պետություն, հին քաղաքակրթություն, չեմ կարծում եմ, որ պետք է որևէ թերարժեքության բարդույթ ունենաք։

«Ազատություն». – Ինչպես ասացիք, դեռ կա երկար ճանապարհ անցնելու մինչ կունենաք իշխանության ճյուղերի լիարժեք տարանջատումը։ Ինչպես ասացիք, դեռ շատ աշխատանք ունենք անելու։ Այժմ ունենք խորհրդարան, թղթի վրա ամեն ինչ հոյակապ է։ Ունենք գրեթե խորհրդարանական ժողովրդավարություն, բայց ունենք շատ փոքր ընդդիմություն, որը չի կարող որևէ բան փոխել խորհրդարանում։ Ունենք նաև մեկ այլ անվանապես ընդդիմադիր ուժ, որը հիմնականում սատարում է իշխող կուսակցությանը։

Սվիտալսկի. – Թույլ ընդդիմությունը մի խնդիր է, որ գոյություն ունի շատ երկրներում, այդ թվում որոշ ԵՄ անդամ պետություններում։ Երբեմն դա ստացվում է պատահմամբ։ Բայց եկեք հիշենք, որ ժողովրդավարությունը չի սահմանվում է որպես մեծամասնության իշխանություն, ժողովրդավարությունը փոքրամասնությունների իրավունքների մասին է։ Ժողովրդավարության առողջությունը ցանկացած հասարակությունում չափվում է նրանով , թե ինչ վերաբերմունք են ստանում փոքրամասնությունում գտնվող մարդիկ, ինչպիսի ձայն ունեն նրանք երկրի ապագայի վերաբերող հարցերի քննարկմանը։ Այնպես որ, հուսով եմ, որ քաղաքական մշակույթը Հայաստանում կստեղծի ամբողջությամբ հավասարակշռված կուսակցական մի համակարգ, որը կներառի գաղափարախոսությունների ողջ ներկապնակը։ Այժմ Եվրոպայում էլ բաներ կան, որ փոխվում են։ Եվրոպայում կարելի է տեսնել ավանդական կուսակցությունները վախճանը։

Վերցնենք, օրինակ, Ֆրանսիան, նույնիսկ որոշ չափով Իտալիան։ Ինչո՞ւ։ Որովհետև ավանդական քաղաքական կուսակցությունները ստեղծվել ու զարգացել են, որպեսզի արտացոլեն բանվորական դասակարգի ու կապիտալիստների միջև հին հակամարտությունը։ 19-րդ դարի, 20-րդ դարի սկզբի այս հին հակամարտությունը այսօր բոլորովին այլ տեսք ունի, և այդ հակամարտություն ժամանակ ձևավորված կուսակցությունները՝ լինեն դրանք սոցիալիստական, կոմունիստական, պահպանողական կամ ժողովրդական, նրանք այսօր ճգնաժամի առջև են կանգնած, որովհետև այսօր հասարակությունը տարբեր է այն հասարակությունից, որ գոյություն ուներ հարյուր տարի առաջ։ Ուստի արևմտյան Եվրոպայում քաղաքական կառավարման ապագայի, քաղաքական համակարգի ապագայի մասին շատ քննարկումներ կան, ու ավանդական կուսակցությունները շատ երկրներում առերեսվում են մեծ մարտահրավերների հետ, թե ինչպես հարմարվել նոր

«Ազատություն». – Պարոն դեսպան, գիտենք, որ Դուք ակտիվորեն աշխատում եք հասարակական կազմակերպությունների հետ կամ կառավարական մարմինների հետ, որոնք ստեղծվել են, որպեսզի պայքարեն կոռուպցիայի դեմ։ Դուք խոսում էիք կոռուպցիայի մասին։ Ի՞նչ եք կարծում այս վերաբերյալ։ Այն դեռ մե՞ծ խնդիր է։ Արդյո՞ք կա որևէ առաջընթաց այս ոլորտում։ Ի՞նչ եք կարծում։

Սվիտալսկի. -Ըստ Transparency International-ի վերջերս հրապարակած կոռուպցիայի ընկալման ցուցանիշի՝ Հայաստանն ունի առաջընթաց, ինչը լավ է։ Ես կցանկանայի, որ այս առաջընթացը լիներ ավելին, բայց երկիրը ճիշտ ուղղությամբ է շարժվում։ Այստեղ, իհարկե, մենք կարող ենք քննարկել, թե որքանով է ընկալումը արտացոլում իրականությունը։ Բայց կոռուպցիայի պես հարցերում իսկապես կարևոր է ընկալումը, դուր է գալիս դա մեզ, թե ոչ։ Ընկալումն է այստեղ առաջնայինը։ Կարծում եմ, որ շատ լավ է, որ շատ շուտով կգործի նոր հակակոռուպցիոն մարմինը։ Մեր փորձագետներն ասում են, որ դա շատ կարևոր զարգացում է։

«Ազատություն». – Քաղաքացիական խմբերը միանալո՞ւ են դրան, թե՞ ոչ։

Սվիտալսկի. – Կարծում եմ, որ մարմինը կձևավորվի առաջիկա օրերին։ Ու ես չգիտեմ, թե ինչպիսին է լինելու խորհրդի կազմը։ Բայց ըստ մեր վերլուծության՝ այս մարմինը ունի բոլոր բաղադրիչները արդյունավետ ու արժանահավատ հակակոռուպցիոն մարմին լինելու համար։ Ինչպես ասում են՝ պուդինգի համը կզգաս միայն ուտելու ժամանակ։ Պետք է տեսնել, ինչպես է դա զարգանում, բայց այս հարցով ընդունված օրենսդրությունը լավն է։ Այն համապատասխանում է եվրոպական չափանիշներին։ Այնպես որ, Հայաստանին այժմ անհրաժեշտ է անկեղծորեն իրականացնել այն՝ ներգրավելով այս գործընթացում այլ գործակալություններ։ Որովհետև հակակոռուպցիոն նոր գործակալությունը ունի բավականին շոշափելի լիազորություններ, բայց միևնույն է, քննչական մասը կկատարվի գործող [մարմինների կողմից], դատարաններն էլ շատ կարևոր են։ Այնպես որ, ունենք գործողությունների մի շղթա, որը պահանջում է մի քանի կառույցների ներգրավվածությունը։ Բայց, ինչպես շատ առիթներով ասել եմ, անցյալ ամիս ընդունված օրինագծերի փաթեթը լավն է։

«Ազատություն». – Եվ վերջին հարցս․ կուզենայի Ձեզանից լսել մանրամասները Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական աջակցության վերաբերյալ։ Ինչպես գիտենք, Հայաստանին հատկացվել է մոտ 160 միլիոն եվրո։ Կարող ե՞ք դրա մասին պատմել։ Ի՞նչ է դա։ Թե՞ ես սխալվում եմ։ Որքա՞ն է կազմում այս աջակցությունը։

Սվիտալսկի. – Դուք շատ ճշգրիտ տեղեկատվություն ունեք։ Մենք Հայաստանի կառավարության հետ քննարկում ենք, որտեղ ներդնենք այս գումարները։ Վերջերս ունեցանք շատ արդյունավետ մի հանդիպում 2018 թվականի գործողությունների ծրագրի վերաբերյալ, շեշտադրում կկատարվի գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում մասնավոր ձեռներեցության զարգացման վրա, որը նաև կպարունակի որոշ մշակութային տարրեր, կառնչվի ստեղծագործական ոլորտների հետ։ Մենք կշարունակենք այս քննարկումները։ Հարցն այն է, թե ինչպես դարձնել Եվրամիության կողմից տրամադրվող աջակցությունը ավելի արդյունավետ։ Կարծում եմ, որ դա պետք է լինի ընդհանուր խնդիր Կառավարության, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և մեզ համար։ Մշտապես հրավիրում եմ մեր գործընկերներին, այդ թվում ԶԼՄ-ներին, առաջարկություններ անել, հետազոտել, մենք շատ բաց ենք այս հարցում, որովհետև համոզված ենք, որ երկու կողմերի ընդհանուր ցանկությունը պետք է լինի այն, որ այս ներդրումը լինի առավել արդյունավետ։ Այստեղ կարևոր է նշել, որ Եվրամիությունը խոշորագույն դոնոր է Հայաստանի համար։ Մեր անդամ պետություններով հանդերձ ապահովում ենք Հայաստանի՝ զարգացմանը միտված արտաքին աջակցության ավելի քան կեսը։ Եթե չեմ սխալվում, այն մոտ 60 տոկոսի է հասնում։ Սա ցույց է տալիս Եվրամիության հանձնառությունը, Եվրամիությունը Հայաստանին դիտարկում է որպես իր հարևանության անբաժանելի մի մաս, ավելի ընդարձակ եվրոպական ընտանիքի մի մաս։ Չունենք որևէ թաքնված օրակարգ, չունենք աշխարհաքաղաքական նպատակներ, բայց պարզապես դիտարկում ենք հայերին իբրև մեզ նման ժողովուրդ։ Ուստի կշարունակենք մեր զարգացումը, բայց պետք է դարձնենք այն ավելի արդյունավետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30