Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է վավերագրական ֆիլմ նկարահանել 1973-1985թթ. ASALA-ի մարտիկների կողմից սպանված մոտ չորս տասնյակ թուրք դիվանագետների մասին: (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ- ՀԱՀԳԲ) (Armenian Secret Army for the Liberation of Armenia-ASALA)
Նշվում է, որ նախարարությունը շուտով մեկնարկ կտա ֆիլմի նկարահանման աշխատանքներին:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարությունը թուրք դիվանագետների հիշատակին հուշարձաններ ու հուշատախտակներ էր կանգնեցրել Սիդնեյում, Օտտավայում, Հաագայում, Լիսաբոնում ու Վիեննայում: 2018-ի մարտի 18-ին էլ Հունաստանում Թուրքիայի դեսպանատանը սպանված դիվանագետների համար հիշատակի անկյուն էր բացվել:
ASALA կամ ՀԱՀԳԲ
1975թ. մի խումբ լիբանանահայեր իրաքահայ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ, տեսնելով հայկական ավանդական քաղաքական ուժերի՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան և Ռամկավար ազատական կուսակցությունների ոչ արդյունավետ գործունեությունը և ոգևորվելով 1973թ. հունվարի 27-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սանտա Բարբարա քաղաքում Գուրգեն Յանիկյանի կողմից երկու թուրք դիվանագետների սպանության փաստից, որոշում են հիմնադրել ընդհատակյա կազմակերպություն, որը զինյալ գործողությունների միջոցով Հայկական Հարցը կրկին կմտցնի միջազգային քաղաքական, իրավական հարթություն, միջազգային հանրության կողմից ճանաչման ներկայացնել 1914-1923 թվականներին թուրքերի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանությունը, Արևմտյան Հայաստանի ազատագրման նախադրյալներ ստեղծել։
ՀԱՀԳԲ-ի ռազմական գործողությունները հիմնականում ուղղված էին թուրքական դեսպանատների, հյուպատոսարանների, դիվանագետների, պետական պաշտոնատար անձանց, զինվորական և ոստիկանական հաստատություններին, թուրքական բիզնես միջավայրին, հատկապես՝ «Turkish Airlines» ընկերության գրասենյակներին, ինչպես նաև այլ երկրների պետական ու հասարակական այն կառույցներին, որոնք դրամական կամ ռազմական օժանդակություն են ցույց տալիս թուրքական պետությանը, խոչընդոտում ՀԱՀԳԲ-ի գործունեությանը։
ՀԱՀԳԲ-ն իր գոյության մասին առաջին անգամ հայտնեց, երբ ստանձնեց 1975թ. հունվարի 20-ին Բեյրութում Եկեղեցիների համաշխարհային միության գրասենյակի ռմբահարման պատասխանատվությունը։ Այս գործողության շարժառիթ էր հանդիսացել Եկեղեցիների համաշխարհային միության բեյրության գրասենյակի կողմից լիբանանահայության արտագաղթը երրորդ երկիր, հատկապես՝ ԱՄՆ և Կանադա, կազմակերպելը։ Այս ռազմագործողությանը հաջորդեցին շուրջ 200-ից 300 զինված ռազմագործողությունը, որոնց արդյունքում սպանվեց մոտ 100 և վիրավորվեցին ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ շուրջ չորս տասնյակ թուրք դիվանագետներ և այլ պաշտոնատար անձինք։
Առավել մեծ արձագանք են ստացել գաղտնի կազմակերպության կողմից իրականացված Օրլի ռազմագործողությունը, «Վան» գործողությունը, «Կարին-Էրզրում» գործողությունը:
Աղբյուր` ermenihaber.am/Yenisafak.com