«Այսօրվա նոր ընտրակարգը կեղծիքի վրա է հիմնված, որը, սակայն, փաստացի է: Այս երդմնակալությունը քիչ թե շատ հեռու էր ոչ լեգիտիմությունից, ուստի շնորհավորում եմ Արմեն Սարգսյանին: Հուսամ, որ թեկուզ սահմանափակ լիազորություններով, բայց նա փոփոխությունների առաջարկ կանի մեր երկրին»,-ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունից հետո այսօր լրագրողներ հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:
Լրագրողները հետաքրքվեցին՝ «ընդդիմադիրները կասկածի տակ են առնում Արմեն Սարգսյանի ընտրության լեգիտիմությունը, քանի որ նա չի ներկայացրել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարման փաստաթուղթ, նա առաջի՞ն նախագահն է, որին դուք լեգիտիմ եք համարում»: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Չէ, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության առաջին շրջանը եւս լեգիտիմ էր: Իսկ սա նոր ընտրակարգ է: Սա ՀՀԿ-ի ընտրությունն է, ոչ թե համաժողովրդական»:
Հովհաննիսյանը հավելեց. «Կարծում եմ, որ Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ է: Եթե ես լինեի, իմ բոլոր փաստաթղթերը վերից վար կստուգեին…Բայց տվյալ դեպքում ընթացակարգ կա, որն անցավ կասկածների ու քննադատությունների միջով: «Ելք» դաշինքը հարցեր բարձրացրեց, բայց ունենք այն, ինչ ունենք»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ