«Նպատակի շուրջ երեք ուժերի համախմբում եղել է։ Փորձում ենք համատեղ գործողություններ իրականացնել»,- «Հոդված 3» ակումբում հրավիրված «Չհեռացող Սարգսյանը. ինչպե՞ս 8 օրում կանխել Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում նշանակվելը» թեմայով քննարկմանը հայտարարեց «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը: Ըստ նրա՝ հանրությունը սկսել է ակտիվանալ. Սերժ Սարգսյանի թոշակի համար հանգանակությունն էլ է դրա մասին խոսում, քանի որ տարբեր երկրներից են միանում դրան։
Արմեն Գրիգորյանի հավաստմամբ՝ իրենց շարժումն օրգանիկ է. շարունակություն է ունենալու։
Դառնալով հանրային տրամադրություններին՝ պարոն Գրիգորյանը կարծիք հայտնեց, թե Սերժ Սարգսյանը մնում է այն պատճառով, որ մարդկանց մտքում փոփոխություն լինի. «Հենց քաղաքացին փոխեց իր միտքը, մտածեց, որ հնարավոր է փոփոխություն անել, համոզված եմ, Սերժ Սարգսյանը կվերանայի իր որոշումը, այստեղ կարևոր է քաղաքացու մտքի փոփոխությունը»։
Անդրադառնալով հանրության արձագանքին իրենց նախաձեռնությանը՝ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Մարիա Կարապետյանը հայտնեց, որ իր կարծիքով՝ նախաձեռնությանը մասնակցելն անհատ քաղաքացիների համար շատ հեշտ է. կարող են միանալ ու ներդրում ունենալ: Ըստ նրա՝ գործողություն անելն ամեն դեպքում ճիշտ է, իսկ թե ինչ արդյունք կտա, ժամանակը ցույց կտա։ Մարիա Կարապետյանի պնդմամբ՝ համակարգային փոփոխություն է պետք:
«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը նշեց, թե վստահ չէ, որ նույնիսկ այս պահին Սերժ Սարգսյանը համոզմունք ունի, որ մնալու է իշխանության մեջ. «Այդուհանդերձ, եթե առաջադրվեց, իրենց կուսակցության խորհրդի ժողովով պետք է որոշեն, դա կնշանակի, որ հանրային բողոքը թույլ է եղել ու իրենք անտարբեր են եղել հանրային բողոքի ծավալներին: Բողոքի այս բոլոր նախաձեռնությունների նպատակն է հանրությանը հիշեցնել, թե ով է Սերժ Սարգսյանը, ինչպիսի վնասներ է տվել մեր պետությանը, որպեսզի մարդիկ կարողանան իրենց բողոքի ձայնը միացնել մեր ձայնին»։
Լևոն Բարսեղյանը տեղեկացրեց, թե բազում մարդկանց հետ են շփվում այս ընթացքում՝ գործարարներ, տարբեր ոլորտի մարդիկ, բայց շատերն այսօր հարմարվողական կեցվածք ունեն, գոհ չեն իրավիճակից, բայց վարքը հարմարվողական է. «Եթե հանրային ճնշման արդյունքում հնարավոր եղավ հասնել նրան, որ պատգամավորների կեսից ավելին կարողանա դիրքորոշում փոխել, ինչը կհանգեցնի Սերժ Սարգսյանի և նրա մերձավոր շրջապատի առաջխաղացման մերժմանը, այնուհետև հնարավոր կլինի այնպիսի մեկին գտնել, որ համարենք ազգային համաձայնության վարչապետ: Սա կլինի սցենարներից մեկը»։
Ամփոփելով խոսքը՝ Լևոն Բարսեղյանը մտահոգություն հայտնեց, թե վերջին 10 տարիների ընթացքում միշտ նահանջել է ժողովուրդը, բայց էլ տեղ չկա: Ուստի նա կոչ արեց հանրությանը գալ հանրահավաքի։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ