«Աստված ինձ օգնական»,- այսօր երդմնակալության արարողության ժամանակ պաշտոնական տեքստի ընթերցումից հետո ասաց Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը: Նկատենք՝ այս արտահայտությունը, այսպես կոչվող՝ պրոտոկոլային տեքստից դուրս արված արտահայտություն էր:
Պաշտոնական տեքստը հետեւյալն է. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու հիմնական ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս մեր հայրենիքի և ի բարօրություն մեր ժողովրդի»:
Հայաստանի երեք նախագահներից որեւէ մեկը երդման պաշտոնական արարողության ժամանակ նման իմպրովիզ չէր արել: Լրագրողների սենյակում այս արտահայտությունը փոքր-ինչ աժիոտաժ, աշխուժություն մտցրեց:
Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում նմանատիպ արտահայտություն պրոտոկոլային տեքստում նախատեսված է, իրենց խոսքի ավարտին ԱՄՆ նախագահներն արտասանում են՝ Աստված պահի Ամերիկան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ