ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունից առաջ այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը անդրադարձավ այն հարցին, որ Արմեն Սարգսյանը այդպես էլ չներկայացրեց Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարման փաստաթուղթը: «Չեմ կարծում, որ իրավական առումով խնդիր կա: Նա ներկայացրել է բոլոր անհրաժեշտ թղթերը: Նոր պաշտոնյաների տակ ականներ մի դրեք: Մենք չենք ունեցել մի նախագահ, որի մասին ընդդիմությունը հենց սկզբից ական հրամցրած չլինի: Բայց թողեք մարդը աշխատի»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նա նաեւ նշեց, որ վարչապետի թեկնածուի անունը դեռ չեն հայտնում, սակայն իրենց համար ընդունելի է գործընկեր ՀՀԿ-ի ցանկացած որոշումը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի դեմ ուղղված քաղաքական արշավին, Արմեն Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ վարչապետի ընտրության օրը ԱԺ մուտքի դռները փակելու կոչը օրինական չէ, քանի որ պատգամավորները պետք է անխոչընդոտ մասնակցեն վարչապետի թեկնածուի քվեարկությանը: Ռուստամյանը Փաշինյանի պայքարում հույս եւ հավատ չի տեսնում, այլապես, իր խոսքով՝ Փաշինյանի պայքարը զանգվածային երեւույթ կդառնար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ