Լրահոս
Օրվա լրահոսը

«Զվարճալի պատերազմ» առանց զվարճանքի

Ապրիլ 09,2018 11:30

Պրեմիերա Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում

Ի՞նչ է պակասում այս ներկայացմանը: Երբեմն դժվար է մատնանշել, թե ո՞րն է այն թերությունը, որ խանգառում է թատերական ներկայացմանը վերածվել մի առանձահատուկ տոնի հանդիսատեսի համար: Հանդիսականը պետք է հիշի երեկոն, որպես մի առանձնահատուկ օր, որը պետք է կրկնվի: Ի՞նչ է պետք դրա համար. լավ, բարեկիրթ միջավայր, թեթեւ, խաղացկուն երաժշտություն, դինամիկ զարգացող պատմություն: Այս ամենը Պարոնյանի անվան թատրոնում փետրվարի քսանհինգին առկա էր: Սակայն դահլիճը կատակերգական ներկայացմանը լցված չէր ծիծաղով, ելքին հանդիսականների աչքերը չէին փայլում, չկար թատրոնին այդքան անհրաժեշտ ներշնչանք: Եվ ի՞նչ էր պակաս դրա համար:

Բեմադրված է Երվանդ Օտյանի եւ Միքայել Կյուրճյանի համահեղինակած «Չարչըլը Արթին աղա կամ Ֆրանքո-թուրքական պատերազմը» կատակերգությունը: Ներկայացված է ավանդական կատակերգության իրադրություն, ուր սիրային քառանկյունին՝ երկու հավակնորդ, մի օրիորդ ու մի սիրահար, ծավալվում է պահպանողական ամուսնու եւ մոդայամոլ կնոջ ընտանեկան պատերազմների ֆոնին: Կոմեդիայի երաժշտության հեղինակ Մարտին Վարդազարյանն ստեղծել է պոլսահայ միջավայրին համապատասխան մեղեդիներ, երբեմն բուն արեւելյան հնչողոթյամբ, երբեմն՝ տանգո, սակայն հիմնականում հայկական երանգներով շաղախված թեթեւ երաժշտական թեմաներ: Բեմական ձեւավորման մեջ մի կողմից խաղարկվել է Պոլսին հատուկ թուրքական ֆեսը հիշեցնող հագեցած կարմիր գույնը, մյուս կողմից՝ շիրմաների վրա տրված են տան տիկնոջ «եվրոպական ճաշակը» խորհրդանշող պատկերներ:

Բեմանկարչուհի Լիլիթ Ստեփանյանը կենտրոնում կառուցել է մի հարթակ, որ ռեժիսորին հնարավորություն է տալիս հարկ եղած ժամանակ բազմամարդ տեսարանում առանձնացնել այս կամ այն հերոսին, ինչպես նաեւ պայմանական հեռավորություն ստեղծել: Բեմադրող Երվանդ Ղազանչյանի կառուցած պատկերները կանոնավոր են, անցումները՝ աչք չծակող, հերոսների փոխհարաբերությունները՝ տեսանելի եւ հստակ: Դերասանները տալիս են հասկանալի կերպարներ եւ երգային հատվածներում էլ ձգտում են երաժշտական մաքուր կատարումների հետ փոխանցել նաեւ հերոսների ապրումները, գործողության տրամաբանությունն ու ընթացքը: Կարծես, ամեն ինչ կարգին է, բոլորը կատարում են իրենց խնդիրները, բայց ներկայացումից հետո ոչ միայն հանդիսականի՝ ստեղծագործական խմբի մոտ էլ առանձնապես բավարարվածության զգացում չի նկատվում: Եվ չի էլ կարող լինել, եթե բեմում չի տիրում խաղային տարերքը: Այնպիսի տպավորություն է, թե յուրաքանչյուր արտիստ անհանգստացած է միայն իր խնդրով, իսկ խմբի աշխատանքը, որպես մեկ ամբողջություն, իր պատասխանատվությունից դուրս է:

Մի՞թե թատրոնում հնարավոր է բավարարվել «ես իմ մասը ճիշտ եմ արել» կարգախոսով:
Անշուշտ, կարելի է առանձնացնել որոշ վճիռներ, համաձայնվել կամ քննադատել: Այսպես, կատարողական ընդհանուր պայմանական մաներայից տարբեր է ներկայացնում իր կերպարն Արթուր Կարապետյանը: Իր հերոսը մեծ հաշվով դուրս է գործողության անմիջական ընթացքից, դերասանն էլ, ձայնի ինտոնացիային տալով իմաստուն մարդու հավակնություններ, գլխավոր հերոսուհու քեռուց վերածվում է ներկայացման վարողի, «հեքիաթասացի», մեկնաբանի: Սակայն այս բեմադրության մեջ, կարծում ենք, մեկնաբանի կարիք ու տեղ չկա: Արդյունքում ստացվում է ընդհանուր պատկերից դուրս ցցված մի կերպար: Ի դեպ, գրեթե բոլոր դերասանները խոսքի եւ փոխհարաբերությունների մեջ շոշափվող պայմանականությանը մոտենում են որպես թատերային պայմանականություն, խաղային պայման, մոռանալով, որ սա պոլսահայերի կենցաղի բնույթն էր: Այստեղ հատկապես ծայրահեղության էր հասնում դերասանուհի Նարինե Ալեքսանյանը:

Բեմադրողի աշխատանքը նույնպես ունի հաջող եւ անհաջող վճիռներ: Այսպես, սիրահար հերոսի՝ Տիգրանի կերպարը բեմ է բերվել պարային խմբի կազմում՝ զգեստափոխված, որպես օրիորդ՝ այս կարգով է նա հանդիպում իր սիրո օբյեկտին՝ Վարդուհուն: Բեմադրողն իսկապես կառուցում է մի պատմություն, որով հակակշիռ է ստեղծում հերոսուհու ծնողների առաջարկած փեսացուներին, առանց տեքստին միջամտելու, բայց տեսողականորեն երիտասարդին բեմում պահելով նույնչափ, որքան նրա մրցակիցներին: Սակայն այլ տպավորություն է թողնում մի ներմուծված անանուն կերպար՝ տարեց պճնամոլ կին, որ գործղության մեջ անելիք չունի, միայն տեսարանների ավարտին հայտնվում է բեմի խորքում եւ օպերային ձայնով մի նոտա վերցնում, որով շեղում է գործող անձանց ուշադրությունն իր վրա եւ, հեռանալով, ամփոփում պատկերը: Մտահղացումը հասկանալի է, սակայն արդյունքը չի արդարացվում ոչ գործողության տրամաբանության, ոչ էլ գեղագիտական հարթություններում:

Այս ամենը կարելի էր ամփոփել ստեղծագործական ողջ խմբին (եւ հատկապես դերասաններին) ուղղված հորդորով. փորձեք առաջնորդվել խմբային աշխատանքի սկզբունքով, գուցե սա ազատի ներկայացումը ձանձրույթից: Սակայն մարդ չի կարող փոխել իր մտածողությունն ըստ ցանկության: Գուցե եւ սխալվում ենք, սակայն մարդկանց խումբը թիմի վերածելու համար անհրաժեշտ է, որ բոլորը մտքում պահեն իրենց միավորող գաղափարը, նպատակը: Իսկ թատրոնում այդ նպատակը հանդիսատեսն է, որն այդ ներկայացման օրը Պարոնյանի անվան թատրոնում իրեն մոռացված էր զգում:

ՎԱՍԻԼԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Արվեստագիտության թեկնածու, դոցենտ

«Առավոտ»

07.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30