Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2018թ. ապրիլի 8-ին հարցազրույց է տվել հայկական մամուլին, որը տեղադրված է Ռուսաստանի ԱԳՆ կայքում:
-Ինչպե՞ս եք գնահատում վերջին տասնամյակում Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը:
-Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները դաշնակցային, ռազմավարական գործընկերության հարաբերություններ են: Այս եզրերն ամրագրված են երկկողմ պայմանագրերով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) փաստաթղթերով: Այդ կապերն ընդգրկում են պետությունների գործունեության բոլոր ոլորտներն առանց բացառության, մեր ժողովուրդների կենսագործունեության բոլոր ոլորտները՝ սկսած անվտանգության քաղաքականությունից, արտաքին քաղաքականությունից մինչև մշակույթ, տնտեսություն, տեխնոլոգիական շփումներ, մարդասիրական կապեր, կրթություն և այլն: 10 տարվա ընթացքում հարաբերությունները զարգացել են, անկասկած, մեր նախագահներ Վ.Վ Պուտինի և Ս.Ա. Սարգսյանի միջև հավատարմական ուղիղ կապերի ներգործությամբ: Նրանք պարբերաբար տարեկան մի քանի անգամ հանդիպումներ են անցկացնում բարձր մակարդակով, շփվում Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության տարածքներում, բազմաթիվ միջազգային ֆորումների շրջանակներում:
Ցանկանում եմ հատուկ ընդգծել Հայաստանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), որը, անկասկած, լրացուցիչ շատ ուժեղ խթան հաղորդեց մեր առևտրատնտեսական, ներդրումային համագործակցությանը: Բավական է ասել, որ անցյալ տարի Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2016թ. համեմատությամբ ավելացել է ավելի քան 30 տոկոսով՝ հասնելով, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 1 մլրդ 750 մլն դոլարի: Դա շատ խոշոր գումար է, հավելած այն, որ հարյուրավոր ընկերություններ ռուսական մասնակցությամբ՝ կամ ռուսական, կամ հայ- ռուսական համատեղ ձեռնարկություններ, աշխատում են Հայաստանի Հանրապետությունում և օգուտ են բերում մեր կապերին և մեր դաշնակցի տնտեսությանը:
Ռազմատեխնիկական համագործակցությունն ավանդաբար շատ սերտ է: Ակտիվորեն աշխատող Առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովից բացի՝ մենք ունենենք նաև ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողով: Նրանք աշխատում են ռիթմիկորեն և լավ արդյունք են տալիս:
Մարդասիրական ոլորտն ավանդաբար չափազանց պահանջված է եղել մեր ժողովուրդների կողմից: Նշեմ Ռուսաստանում այս աշնանն անցկացված Հայաստանի մշակույթի օրերը, որի բացմանը 2017թ. հոկտեմբերին մասնակցում էին երկու երկրների նախագահները:
Եթե վերցնենք կրթության ոլորտը, ապա Երևանում գործում է Ռուս-հայկական սլավոնական համալսարանը: Այնտեղ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ռուսական բարձրագույն ուսումնական հաստատությունների 8 մասնաճյուղերում սովորում է մոտ 3500 Հայաստանի քաղաքացի: Իմ ասածից բացի, մոտ 5500 հայեր էլ սովորում են Ռուսաստանի Դաշնությունում, նրանցից 1500-ը՝ ՌԴ կառավարության կողմից Հայաստանին տրամադրված պետական կրթաթոշակներով:
Մեր երկկողմ հարաբերություններում վերջին 10 տարում, անկասկած, տեղի է ունենում շատ կայուն և որակական աճ: Այն համարվում է արտաքին քաղաքական թատերաբեմում սերտ համագործակցությամբ: Մենք դաշնակիցներ ենք ՀԱՊԿ շրջանակում: Ես արդեն հիշատակեցի ԵԱՏՄ-ն, որում Հայաստանը դարձել է լիիրավ անդամ: Իհարկե, լիարժեք կերպով իր արդիականությունը պահում է նաև Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ), դրան գումարած մեր համակարգված գործողությունները ՄԱԿ-ում, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ), Եվրոպայի խորհրդում, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում:
Ես վերջին 10 տարում մեր հարաբերությունները բնորոշող ամեն ինչը չէ, որ թվարկեցի, բայց, կարծում եմ, ասվածից կարելի է եզրակացնել՝ որքան հարուստ են մեր կապերը և որքանով են դրանք այս պահին համապատասխանում մեր երկրների շահերին:
-Վերլուծաբանները ենթադրում են, որ 2011թ. Կազանի գագաթնաժողովը կարող էր բեկումնային դառնալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում: Ինչպե՞ս եք դրան վերաբերում: Ինչը կարող է դառնալ հաջողության գրավական ապագայում այդ հարցի լուծման համար:
-Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հետխորհրդային տարածությունում մեր ջանքերի առաջնահերթություններից մեկն է: ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» անդամ է: Այնտեղ մենք ինչպես համատեղ ջանքեր ենք ձեռնարկում մյուս երկու համանախագահների հետ, այնպես էլ փորձում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ընդունված որոշումների՝ համանախագահների ընդհանուր հունով առաջ քաշել սեփական նախաձեռնությունները՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի հետ հատուկ կապերը: Մոտ 2009-2011թթ-ից տարվող աշխատանքն իսկապես բավականին ակտիվ է: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են մոտ 10 անգամ:
Կազանում ծրագրված հերթական հանդիպումը, իսկապես, թույլ էր տալիս ակնկալել լուրջ դրական արդյունքներ, քանի որ փաստաթղթերի նախագծում, որոնք պատրաստվել էին Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների աջակցությամբ, հավասարակշռված տեսքով հաշվի էին առնվել, ինչպես մեզ էր թվում, Երևանի և Բաքվի բոլոր մտահոգությունները: Բայց հենց գագաթնաժողովի ընթացքում առաջացան լրացուցիչ հարցեր և մեկնաբանություններ: Այդպես պատահում է: Մենք դրանից առանձնապես ողբերգություն չենք սարքում: Աշխատանքը կշարունակվի: Վստահ եմ, շատ բաներ, որ ներառված էին այսպես կոչված «կազանյան փաստաթղթում», նախկինի պես պահանջված են: Դա հաստատվում է մինչ այժմ Երևանի և Բաքվի արձագանքներով, որոնք հնչում են տարածաշրջան՝ Երևան, Բաքու, Ստեփանակերտ այցելող նախագահների, նախարարների և համանախագահների հետ շփումների ժամանակ:
Այդ տարիներին ձեռք բերված ոչ մի բան, կարծում եմ, չի կորել: Չնայած, իհարկե, այդ ընթացքում առաջ են եկել որոշ նոր գաղափարներ, որոնք համանախագահներն այժմ առաջ են քաշում կողմերի հետ շփումներում: Ամենակարևորն է՝ հետ քաշվել անվստահությունից, որը նախկինի պես դեռ երբեմն դրսևորվում է բանակցությունների ընթացքում, և կենտրոնանալ իրատեսական, պրագմատիկ գաղափարների վրա, որոնք բավականին շատ են: Պարզապես պետք է դրանք հանձնել թղթին, չնայած կոնցեպտուալ կերպով կողմերը համաձայնվում են դա անելու անհրաժեշտության հետ, բայց երբ ամեն ինչ սկսվում է ձևակերպվել որոշակի ձևակերպումներով, ինչպես որ լինում է այլ իրավիճակներում, առաջ են գալիս բարդություններ: Ես կարծում եմ, որ մենք կշարունակենք դրանք հետևողականորեն հաղթահարել և կհասնենք արդյունքների:
-Հայաստանը հաճախ օրինակ են բերում որպես պետություն, որը զարգացնում է հարաբերությունները և՛ ԵԱՏՄ-ի, և՛ ԵՄ-ի հետ, և դա անում է իրավաչափ և փոխշահավետ հիմքի վրա: Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ են հետագայում իրենց շահերը կցել և համագործակցություն զարգացնել այնպիսի ինտեգրացիոն կառույցներ, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն:
-Իսկապես, Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ գործնականում ընդհանրապես անիմաստ չէ հարաբերություններ զարգացնել բոլոր ուղղություններով: Ընդհակառակը, դա շահեկան քաղաքականություն է և շահավետ համապատասխան երկրի համար: Չի կարելի հետխորհրդային տարածության երկրներին դնել կեղծ ընտրության առաջ՝ կամ Արևմուտք, կամ Ռուսաստան: Դա միանգամայն գաղափարականացված, քաղաքականացված մոտեցում է: Այն, որ Հայաստանը պնդում էր նման հարաբերություններ ԵՄ-ի հետ, որոնք, որպես ստորագրված փաստաթղթերի բաղադրիչ, իրենց մեջ ներառում են ընդունել Հայաստանի իրավունքներն ու պարտավորությունները մյուս ինտեգրացիոն նախագծերում, կարծում եմ, ճիշտ ուղղությամբ քայլ է:
Անկասկած, որպեսզի ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի մյուս անդամների իրավունքները չոտնահարվեն, որպեսզի նրանց շահերը վնաս չկրեն, շատ կարևոր է, որ Եվրամիությունը հրաժարվի «կամ-կամ» կարծրացած տրամաբանությունից, որն արդեն հանգեցրեց Ուկրաինայում 2014թ. իրադարձություններին: Դա հավասար է նրան, որ համապատասխան ժողովրդից խլես իր բոլոր հարևանների հետ լիարժեք, բոլոր ձևաչափերով համագործակցություն զարգացնելու հնարավորությունը: Այն ժամանակ միանգամայն գաղափարականացված, քաղաքականացված պատճառներով Եվրամիությունը հնարավոր չհամարեց Եվրասիական տնտեսական միությունը ճանաչել լիիրավ գործընկեր: Այդ կանխակալությունը, նախապաշարվածությունը որոշակիորեն պահպանվում է նաև հիմա: Սակայն Բրյուսելում առաջ են եկել սթափ դատող մարդիկ: Եվ արդեն Եվրոպական տնտեսական հանձնաժողովը, Եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունը իրենց փորձագետների մակարդակով շփումներ են ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետների հետ:
Այժմ հետաքրքրություն է դրսևորվում այդ փորձագիտական շփումները դարձնել մշտական: Կարծում եմ, որ դա առաջին քայլն է, քանի որ կյանքն ինքնին մեր եվրոպացի գործընկերներին կստիպի աշխատել Եվրասիական տնտեսական միության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի հետ, որը, ի դեպ, ինչպես և ՀԱՊԿ-ը, այս փուլում գլխավորում է Հայաստանի քաղաքացի:
Ես բավականին լավատեսորեն եմ նայում ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև հետագա հարաբերություններին: Չնայած այդ ապագան շուտ չի գա, բայց կյանքը կստիպի աստիճանաբար ընդառաջ գնալ միմյանց: Համոզված եմ, որ Հայաստանի ներկայացուցիչ Տ.Ս. Սարգսյանը, որը գլխավորում է ԵՏՀ Կոլեգիան, կօգնի այդ ուղղությամբ շարժվելուն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ