Հայտնել ենք, որ ապրիլի 8-ին սահմանամերձ Բաղանիս գյուղի «Ջրովքեր» տեղամասում ադրբեջանական գնդակոծությունից սատկել են բաղանիսցի Սուրիկ Ալեքսանյանի 3 կովը:
Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ գնդակոծությունը տեղի է ունեցել ժամը 16.30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բաղանիսի «Ջրովքեր» տեղամասում, միջպետական ավտոճանապարհի հարեւանությամբ արածող նախրի վրա: Նա ասաց, որ Սուրիկ Ալեքսանյանի կովը գնդակոծությունից սատկել է, մյուս 2 կովը վիրավորվել են, դրանք հարկադիր մորթի են ենթարկվել:
Բաղանիսի վարչական ղեկավարը հայտնեց նաեւ, որ ադրբեջանական գնդակները խոցել են նաեւ Բաղանիսի բնակիչ Անուշավան Ավագյանի մոզու դունչը, Ալբերտ Միքայելյանի կովի ազդրը: Այդ կենդանիները, հավանաբար, հարկադիր մորթի չեն ենթարկվի:
Ն. Սահակյանը հայտնեց, որ ինքը դեպքի մասին հայտնել է համապատասխան մարմիններ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ