Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Դարբինյան. Նախագահ Սարգսյանը ոչ միայն իշխանությանը, այլև երկրին, պետությանը և քաղաքացուն կարողացավ վերադարձնել 96-ից կարծես անվերադարձ կորսված լեգիտիմությունը

Ապրիլ 08,2018 23:45

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին ժամերն են: Պարադոքսալ է, բայց հենց այժմ կարծես նրանից սպասելիքներն առավելագույնն են՝ ազգային առաջնորդի դերակատարումը լիարժեք ստանձնելու, ժողովրդին, երկիրը և պետությունը դեպի բարեկարգ ապագա տանելու, Արցախին տեր կանգնելու պատասխանատվությամբ:

Նրա կերպարը, իհարկե, հակասական է. լինելով ՀՀ նորանկախ պետության թերևս ամենափորձառու գործիչը, նա բնականաբար կրում է և՛ մեզ հետ կատարված լավի, և՛ վատի ամբողջական պատասխանատվությունը: Բայց նրա առանձնահատկություններից թերևս ամենակարևորը հենց պատասխանատվություն կրելն է և իրավիճակին տեր կանգնելը. ճանաչելով նրան պետականաշինության առաջին իսկ տարիներից՝ չեմ հիշում մի դեպք, երբ փորձեր խուսափել: Նրա՝ Նախագահական տասնամյակի արդյունքներն ամփոփելիս, ուզում եմ նշել իմ կարծիքով ամենակարևոր երեքը.

1) Նախագահ Սարգսյանը ոչ միայն իշխանությանը, այլև երկրին, պետությանը և քաղաքացուն կարողացավ վերադարձնել 96-ից կարծես անվերադարձ կորսված լեգիտիմությունը: Այո, և քաղաքացուն, հատկապես՝ քաղաքացուն. մենք սովոր ենք լեգիտիմության չափանիշով չափել միայն իշխանությանը՝ մոռանալով, որ ոչ լեգիտիմ իշխանության պարագայում հարվածի տակ է դրվում և՛ պետության, և՛ քաղաքացու լեգիտիմությունը:

2) Հայաստանի Հանրապետությունը Նախագահ Սարգսյանի առաջնորդությամբ այսօր աշխարհում ՄԻԱԿ երկիրն է, որը գտնվելով Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական և տնտեսական դաշինքում, ունի քաղաքական համաձայնագիր Եվրոպական Միության հետ, և առևտրային արտոնյալ պայմաններ Միացյալ Նահանգների, ԵՄ, Կանադայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի հետ, և այս երկրների ցանկը ընդարձակվելու է: Սա իսկապես գրոսմայստերական արդյունք է:

3) Հայաստանը այսօր, գտնվելով ըստ էության չավարտված և ամեն վայրկյան վերսկվելու վտանգ պարունակող պատերազմի պայմաններում` կարող է դասվել աշխարհի ամենախաղաղասեր երկրների շարքին. Նախագահ Սարգսյանի համարձակ հրավերը Թուրքիային (որին ոչ պատմական, ոչ էլ ընթացիկ խոհեմություն այդպես էլ չբավարարեց), զուսպ և արժանապատիվ կեցվածքն Ադրբեջանի նկատմամբ (հատկապես, նրա այն արտահայտությունը, որ մենք խնդիր չունենք Ադրբեջանի ժողովրդի հետ. դե համեմատեք սա Ալիև-որդու անդաստիարակ դրսևորումների հետ), Հայաստանի՝ բացառիկ բարեկամական մոտեցումը հարևաններ Իրանի և Վրաստանի նկատմամբ՝ չնայած այդ երկրների աշխարհաքաղաքական բարդություններին: Հավատացեք, որ այս ամենը չափազանց բարձր է գնահատվում այսօրվա պայթյունավտանգ աշխարհում:

Շնորհակալություն հայտնելով Նախագահ Սարգսյանին, մենք նաև բարի երթ և հաջողություններ պիտի մաղթենք նրան՝ ազգային առաջնորդի բեռը ստանձնելիս: Երկրում առկա աղքատության աստիճանը այլևս անհանդուրժելի է, սոցիալական անարդարությունը՝ անըմբռնելի, բնության նկատմամբ վայրագությունը՝ նողկալի, անշնորհք և անգիտակից կառավարիչների և/կամ օլիգարխների նկատմամբ ամենաթողությունը՝ անտանելի: Անձնական զրույցներից գիտեմ որ Սերժ Սարգսյանի համար սրանք առաջնահերթություններ են:

Եվ ուրեմն՝ Բարին ընդ Ձեզ, Պարոն Նախագահ և Ամենայն Հաջողություն:

Արմեն ԴԱՐԲԻՆՅԱՆ

ՀՀ նախկին վարչապետ, Սլավոնական համալսարանի ռեկտոր 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Հենց պաշտոնից հանեն աչքեչդ կբացվի ու կտեսնես դառը ինականությունը

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30