Ապրիլյան պատերազմից անցել է ուղիղ երկու տարի, սակայն այն վերքերը, որոնք թողեց պատերազմը, դեռ չեն սպիացել: Սահմանին կանգնած հերոս տղաները իրենց կյանքի գնով պաշտպանեցին հայրենիքը ու թույլ չտվեցին, որ թշնամին անգամ մեկ քայլ առաջ շարժվի: Այդ հերոս տղաների թվում էր նաև Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ Ազատ Սիմոնյանը:
Գուցե շատերը չէին էլ լսել Կամարիս գյուղի մասին, գուցե շատերը չէին էլ ճանաչում բարի ու կենսուրախ Ազատին, սակայն այն սխրանքն ու հերոսությունը, որ գործեց Ազատ Սիմոնյանը, ճանաչել տվեց իրեն ու իր սիրելի գյուղին: Այսօր գյուղը հիշում և արժանին է մատուցում իր զավակին: Կամարիսի կենտրոնում 2017 թվականին Ազատին նվիրված հուշաքար-աղբյուր է կառուցվել, իսկ դրանից քիչ հեռու գտնվող գյուղի միջնակարգ դպրոցը վերջերս՝ ապրիլի 6-ին, անվանակոչվեց հերոսի անվամբ:
Անվանակոչման արարողությանը ներկա էին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, փոխմարզպետ Կարեն Մարգարյանը, Կամարիս համայնքի ղեկավար Գոռ Հակոբյանը, Ազատ Սիմոնյանի ընտանիքի անդամներն ու ընկերները, դպրոցի ուսուցչական անձնակազմն ու այլ հյուրեր: Դպրոցի անվանակոչման արարողությունը վերապահվեց Ազատ Սիմոնյանի հորը՝ Քաջիկ Սիմոնյանին ու դպրոցի տնօրեն Արամայիս Ենոքյանին:
«Շատ ուրախ եմ, որ դպրոցը, որտեղ սովորել ենք Ազատի հետ, անվանակոչվելու է հենց նրա անունով: Ազատը շատ էր սիրում դպրոցը և իսկապես արժանի էր, որ դպրոցը իր անունով կոչվեր: Հուսով եմ՝ հաջորդ սերունդները, որ սովորելու են նրա անունը կրող դպրոցում, կունենան նույն հայրենասիրության զգացմունքը, որն ուներ Ազատը»,- ասում է Ազատի համադասարանցի Մառա Գրիգորյանը:
Մառան պատմում է, որ Ազատը միշտ համախմբում էր բոլորին ու խոստացել էր, որ հենց հետ գա բոլոր համադասարանցիներին հավաքելու է: Համախմբեց նաև այս անգամ: Այն դասարանում, որտեղ սովորել էր 12 տարի, հավաքվել էին նրա բոլոր դասընկերները: Նրանց աչքերում կարելի էր տեսնել և´ թախիծ, և´ հպարտություն. հարազատ դպրոցն այսուհետ կրելու է իրենց հերոս ընկերոջ անմահ անունը: Ազատը խելացի էր, ուրախ ու անկեղծ, կենսախինդ էր, բարի ու ընկերասեր. այսպես են հիշում ընկերները ու ուսուցիչները Ազատին:
Դպրոցի անվանակոչման օրը ուսուցիչներն ու աշակերտները միջոցառում էին կազմակերպել՝ նվիրված Ազատ Սիմոնյանին, որի ընթացքում իրենց անկեղծ խոսքերով կարողացան հուզել հավաքվածներին:
«Պարտավորեցնող է սովորելը այն դպրոցում, որը կրում է հերոս Ազատի անունը: Պետք է փորձենք այսուհետ նրա վառ անունը պատվով բարձրացնել բոլոր մրցույթներում ու օլիմպիադաներում»,-իրենց խոսքը եզրափակեցին աշակերտները:
Լիանա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ