Օրերս Արմավիրի Ոսկեհատ համայնքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմի երկրորդ տարելիցին նվիրված հուշ-ցերեկույթ, որտեղ հիմնական անդրադարձը եղավ դպրոցի նախկին շրջանավարտ Արամայիս Միքայելյանին: Արամայիսն իր կյանքը զոհեց հանուն ուրիշների ապրելու իրավունքի:
Միջոցառմանը ներկա էին Արամայիսի դասընկերները, մայրը՝ տիկին Լիլիթ Ավագյանը, Սուրեն Ոսկանյանը, զոհված կապիտան Տիգրան Պողոսյանի մայրը՝ տիկին Սիլվա Մինասյանը, բանաստեղծ Սեդրակ Տեր-Խաչատրյանը, դպրոցի տնօրեն Սյուզաննա Շմավոնյանը, ուսուցիչներ, աշակերտներ, հյուրեր…
Հուշ-ցերեկույթի ողջ ընթացքում խոսվեց Արամայիսի հերոսական սխրանքի մասին, ներկայացվեց նրա կարճ, բայց բովանդակալից կյանքի պատմությունը:
Դպրոցի տնօրեն Ս. Շմավոնյանը շնորհակալություն և երախտագիտություն հայտնեց ներկաներին, աշակերտներին՝ ևս մեկ անգամ հիշելու, գլուխ խոնարհելու և իրենց աշխատակցուհու հերոս որդուն արժանվույն ներկայացնելու համար. «Մեր մատաղ սերունդն այսօր, և վստահաբար վաղը պատրաստ է պաշտպանել հայրենի հողն ու երկրի սահմանները: Մենք այսօր ունենք Արամայիս Միքայելյանի նման օրինակ: Նրա անցած ճանապարհը դաս է և՛ ներկա, և ՛գալիք սերունդներին: Շնորհակալ եմ բոլորիդ նման միջոցառման և մեր շրջանավարտ հերոսին հիշելու համար…»,-իր խոսքում ասաց Ոսկեհատի միջնակարգ դպրոցի տնօրեն Ս.Շմավոնյանը:
Միջոցառման ավարտից հետո Aravot.am-ը զրուցեց Արամայիս Միքայելյանի մայրիկի՝ տիկին Լիլիթ Ավագյանի հետ: Մեզ հետ զրույցում տիկին Լիլիթն ասաց. «Ինձ համար դժվար է խոսելը: Սա ցավ է,որ երբեք չի անցնի: Իմ տղան մյուս տղաների նման գնաց և պաշտպանեց հայրենիքը և զոհվեց նույն գաղափարի շուրջ: Ցանկացած առիթ,որը ներկայացնում է իմ որդու կատարած սխրանքը ես դրական եմ գնահատում: Հերոսածին մոր համար ոչ մի սփոփանք չի կարող լինել»:
Խոսելով աջակցության,նեցուկ լինելու և որևէ կերպ թեթևացնել ցանկացող պետական,անձնական կամ որևէ այլ օգնություն ակնկալելու մասին տիկին Լիլիթն ասաց,որ նյութական աջակցությունն իր աչքին չի գալիս:
«Մարզպետարանից, գյուղապետարանից եղել են փոքրիկ նյութական աջակցություն, իսկ պետական բարձր ատյանները լռում են: Բայց այդ ամենն ինձ համար երկրորդական է: Իմ որդուն ոչ մի օգնություն հետ չի բերի: Իմ նվիրումը, իմ աշակերտների նվիրումը ավելին է, քան որևէ ֆինանսական աջակցությունը»,-իր խոսքի վերջում ասաց ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արամայիս Միքայելյանի մայրը՝Լիլիթ Ավագյանը:
Հայկ ՄԱԳՈՅԱՆ