ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «փողոցային զրույցներ» է անվանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները: Հիշեցնենք, ապրիլի 2-ին, Քաղաքացիական պայմանագրի քայլարշավից հետո, երեկոյան զրույցներում, քայլարշավի մասնակիցները, խարույկի շուրջ նստած՝ զրույց են անում 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի մասին:
Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյան ասում է, որ Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն է: Ըստ նրա, վերջին 20 տարիներին սա մեր ամենամեծ կորուստն էր: Արայիկ Հարությունյանը չի հիշում, որ այդ ձախողման համար որեւէ պաշտոնյա դատապարտված լինի:
Նիկոլ Փաշինյանն էլ պատմում է, որ պատերազմին նախորդող շրջանում առնվազն երկու ամիս, հայտնի է եղել, որ ադրբեջանական զորքերի մեծ կուտակումներ կան շփման գծի երկայնքով: «Իմ ունեցած տեղեկություններով, որոնք պաշտոնական են, պաշտոնյաների հետ զրույցներում են դրանք ստացվել, հետախուզությունն անընդհատ զեկուցել է, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակման: Ու էս պայմաններում տեղի է ունենում անսպասելի հարձակում»,-ասում Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ տրամաբանական բացատրություն չկա սրան:
Ըստ զրույցի՝ իշխանությունը փորձում էր թաքցնել 800 հա տարածքի կորստի փաստը: Անդրեաս Ղուկասյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը բանտում են, առաջինն իր հրապարակած տեսանյութերի պատճառով, երկրորդը՝ 800 հա-ի մասին հայտարարությունների:
ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հիշում է այդ օրերին կայացած Հրազդանի քաղաքապետի ընտրությունները եւ ասում ՝ այդ ընտրությունների կեղծումը ապտակ էր ՀՀ քաղաքացիներին: Զրույցը շարունակվում է այն համատեքստում, որ Սերժ Սարգսյանը վատ է իրականացրել երկրի անվտանգությունն ապահովելու իր գործառույթը, մինչդեռ ՀՀԿ-ականները պնդում են, որ անվտանգությունն ապահովելու համար պետք է, որ նա մնա վարչապետի պաշտոնում:
Ապա Նիկոլ Փաշինյանը գաղտնազերծում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի հետ հանդիպումից դրվագներ: Ինքն այդ հանդիպմանը մասնակցել է իբրեւ ՔՊ-ի ջոկատի հրամանատար: Վերջինս ասել է, որ վերջին 9 տարիներին առաջնագծում այդքան աշխատանք չի արվել, ինչքան վերջին մեկ ամսվա ընթացքում: Զրույցը եղել է 2016-ի մայիսին: Հայկազ Բաղմանյանը դա ասել է լավատեսական համատեքստում, որ մեծ աշխատանք է արվում, բայց Նիկոլ Փաշինյանը հարց է տալիս՝ ինչո՞վ էին զբաղված իրենք վերջին 9 տարին, որ առաջնագիծը չէին վերազինում: Ինքն էլ իր հարցին պատասխանում է՝ բիզնես էին անում: Այդ ամենի թիվ մեկ պատասխանատու-մեղավորը համարում է Հայաստանի անվտանգության երաշխավոր Սերժ Սարգսյանին:
Ապա, Նիկոլ Փաշինյանը հավելում է. «Կատարյալ սուտ է, որ սահմանն իր երկանքով, ապահովված է համապատասխան սարքերով: Ադրբեջանն իր առաջնագիծը երկու սերունդ ավել սարքերով է կահավորել՝ օդապարիկով աշխատող խորքային դիտարկման սարքեր են դրել»:
Գագիկ Մելիքյան ասում է, որ Նիկոլ Փաշինյանի այս գաղտնազերծումներն էական բան իրենց մեջ չեն պարունակում, քանի որ ընդամենը սադրանքներ են: «Չեմ կարծում, որ դրանց արժե ընդհանրապես ուշադրություն դարձնել: Նմանատիպ հայտարարություններով Նիկոլ Փաշինյանն ընդամենը փորձում է ուշադրությունն իր վրա սեւեռել, որովհետեւ այլ տարբերակ չունի. ինքը համոզվում է, որ իր գործողությունները որեւէ մեկին բացարձակապես չեն հետաքրքրում, փորձում է հետաքրքրություն ներկայացնող, հետաքրքրություն շարժող երեւակայությունների միջոցով իր խումբն ավելացնել, իր նկատմամբ հետաքրքրությունը մեծացնի»,-ասաց Գագիկ Մելիքյանը: Բայց նա կասկածում է, որ այս քաղաքականությունը որեւէ արդյունք կտա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ