Ապրիլի 7-ին՝ Ս. Աստվածածնի Ավետման տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» գիտական կենտրոնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառությանը բերած բացառիկ ավանդի ու աստվածահաճո ծառայությունների համար ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ի. գ. դ. Գագիկ Հարությունյանին շնորհվեց «Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և Հայրապետական շքանշան:
Արարողությունը բացվեց Տերունական աղոթքով, ապա ցերեկույթի մասնակիցներին ողջունեց Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:
Մեծարյալի կյանքին ու վաստակաշատ գործունեությանն անդրադարձան Գերագույն հոգևոր խորհրդի և ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ ի. գ. դ. Գևորգ Դանիելյանը և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Այնուհետև «Ուրախ լեր» շարականի երգեցողության ներքո բերվեց Հայրապետական շքանշանը, որից հետո Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն իր ողջույնի ու օրհնության խոսքն ուղղեց ներկաներին:
«Սուրբ Հարության տոնական այս օրերին վերստին Մեր շնորհավորանքներն ենք բերում ամենքիդ՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» կենսաբեր ավետիսով: Տոնական այս ուրախության մեջ այսօր մենք համախմբվել ենք Մայր Աթոռում գնահատելու և մեծարելու մեր ժողովրդի արժանավոր զավակ, բազմաշնորհ հայորդի տիար Գագիկ Հարությունյանին, ում անունը և գործունեությունը քաջածանոթ են հայ հանրությանը:
Տիար Գագիկ Հարությունյանի գործունեությունը աղերսված է Հայաստանի անկախ պետականության վերակերտման պատմությանը: …Տիար Գագիկ Հարությունյանը կանգնեց անկախ պետականության վերակերտման նվիրյալների շարքերում: Նա պետական համակարգ եկավ խորհրդային տարիների կառավարման փորձառության ու գիտելյաց հարուստ պաշարով, մեր հայրենիքի լուսավոր ապագայի կառուցմանը մասնակցություն բերելու ազնիվ հանձնառությամբ: Ազգային ու պետական մտածելակերպով օժտված՝ նա ստանձնեց բարձր ու պատասխանատու պաշտոններ…: Ծառայական բոլոր հանգամանքներում նրա գործունեության մեջ գերակշռող եղավ երկրին ու ժողովրդին օգտակար լինելու գիտակցությունը, հայրենիքի զորացման ու հայության համախմբման տեսիլքը: Այս մղումով նա իր բոլոր հանձնառությունների մեջ հետապնդեց պետության ու հասարակության շահը, ջանաց ներդրում բերել երկիրը ցնցումներից զերծ պահելու գործին, ներքին կյանքի տագնապների ու ալեկոծությունների ժամանակ իր հաշտարար բնավորությամբ ու համոզիչ փաստարկներով կարողացավ նպաստել լարվածության հաղթահարմանը:
Տիար Գագիկ Հարությունյանի վաստակը գնահատարժան է հատկապես մեր երկրում սահմանադրական արդարադատության իրականացման գործում: Կոչվելով ՀՀ նորահաստատ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնին՝ պարոն Հարությունյանը մեծ ու նշանակալի ավանդ բերեց դատական բարձրագույն իշխանությունը ներկայացնող մարմնի կայացմանն ու արդյունավոր գործունեությանը, որն անհրաժեշտ նախապայմաններից է իրավական պետության կերտման համար:
Տիար Գագիկ Հարությունյանը իր երկարամյա գործունեության մեջ մշտապես դրսևորել է անկեղծ սեր ու նախանձախնդրություն հանդեպ մեր ժողովրդի ազգային ու հոգևոր արժեքները: Տակավին երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն հայոց Կաթողիկոսի գահակալության շրջանից նա հետևողականորեն աջակցել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների կանոնակարգման ու ամրապնդման, օրենսդրության մեջ մեր Եկեղեցու դերի ու առաքելության պատշաճ ամրագրման գործին: Այսօր, գոհություն Աստուծո, Եկեղեցի-պետություն ձևավորված հարաբերությունները, որում գովելի ավանդ ունի նաև տիար Գագիկ Հարությունյանը, ամուր հիմք է դարձել մեր Եկեղեցու առաքելության արդյունավորման և մեր հոգևոր ժառանգության անխաթար պահպանման ու նոր սերունդներին փոխանցման համար՝ նպաստելով նաև մեր երկրի առաջընթացին ու նոր ձեռքբերումներին:
Մեծահարգ տիար Գագիկ Հարությունյան, «Ասպետ Սուրբ Էջմիածնի» շքանշանը Հայրապետական բարձր պարգև է արժանավոր հայորդիներին, ովքեր իրենց գործերով ու հանձնառություններով աջակցում են մեր Եկեղեցու տիրավանդ առաքելության արդյունավորմանը, ներդրում բերում Սուրբ Էջմիածնի բարեզարդման մեջ, նպաստում մեր ժողովրդի հոգևոր կյանքի վերազարթոնքին: Դուք անձնվիրաբար ծառայել եք մեր երկրին ու մեր ժողովրդին, ավանդ բերել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառությանը: Այսօր գոհունակություն է Հայրապետիս համար այս պատվավոր շքանշանը շնորհել Ձեզ՝ եկեղեցանվեր Ձեր իրագործումների համար:
Վստահ ենք, որ պարգևը խրախույս պիտի լինի Ձեզ՝ նորանոր հանձնառություններով առավել հարստացնելու Ձեր բարի ու արժանավոր գործերի վաստակը ազգային ու հոգևոր մեր կյանքում», – ասաց Վեհափառ Հայրապետը:
Իր շնորհավորանքներն ու մաղթանքները փոխանցելով մեծարյալին` Նորին Սրբությունը Հայրապետական շքանշանով զարդարեց պետական գործչի կուրծքը:
Պարգևաբաշխության առիթով իր ապրումները ներկաների փոխանցեց տիար Գագիկ Հարությունյանը՝ երախտագիտություն հայտնելով Հայոց Հայրապետին և Մայր Աթոռին բարձր գնահատանքի ու նման վերաբերմունքի համար: Անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նրա երջանկահիշատակ նախորդների հետ իր զրույցներին, ինչպես նաև Մայր Աթոռի հետ իր մշտական կապին` մեծարյալն իր համոզումն արտահայտեց, որ մարդը առանց հոգևոր կայուն արժեքների և հարստության չի կարող որպես բանական էակ ինքնադրսևորվել: Տիար Հարությունյանը խոսեց նաև այն կարևոր դերակատարության մասին, որ Հայոց Եկեղեցին ունեցավ ինքնության պահպանման և հարատևման գործում: Վերջինս ընդգծեց նաև, որ շնորհված պարգևը լրացուցիչ խթան և պարտավորություն կհանդիսանա` ավելի ժրաջան աշխատելու համար:
Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի պատանի երաժիշտ-կատարողները (գեղ. Ղեկավար Սիլվա Մեքինյան):
Հանդիսությունը եզրափակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով:
Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի