Այս եղանակով պատրաստված իշխանը, ինչպես իմ, այնպես էլ` ընտանիքիս անդամների կարծիքով, ամենահամով տարբերակն է: Թվում է, թե սխտորը ձկան, այն էլ` իշխանի հետ, պիտի գործ չունենա: Բայց վստահեցնում եմ` արտակարգ համեղ է ստացվում:
Անհրաժեշտ մթերքները
Ձուկ- 1 հատ
Կիտրոն- 1 հատ
Սխտոր- 2 պճեղ
Թարմ կանաչիներ (մաղադանոս, թարխուն, սամիթ, եթե գտնեք` հազրեվարդ)` մի կապ
Կարագ` 50 գրամ
Դափնու տերեւ- 1 հատ
Սեւ հատիկավոր պղպեղ- 3-4 հատիկ
Աղ- 1 ճաշի գդալ
Աղացած սեւ պղպեղ- մի պտղունց
Պատրաստման եղանակը
Այս տարբերակով պատրաստելու համար նախընտրելի է վերցնել մեծ չափի ձուկ: Մաքրեք, լավ լվացեք: Լավ լվացեք եւ նախապատրաստեք նաեւ կանաչիները, սխտորը, կիտրոնը: Սխտորն ու կիտրոնը շերտատեք:
Ձկան մեջը աղ եւ աղացած սեւ պղպեղ արեք, կանաչիները` առանց կտրատելու, խցկեք փորի մեջ: Նաեւ` կիտրոնի շերտեր ու կտրատած կարագ մտցրեք փորի մեջ:
Ձկան վրա մի կողմից կտրվածքներ արեք մի քանի հատ: Աղի մեջ թաթախեք սխտորի կտորները եւ խցկեք այդ կտրվածքների մեջ: Մեջը դրեք նաեւ կիտրոնի շերտեր, դափնու տերեւի կտորներ ու կարագի կտորներ: Հաստ թելով կապեք ձուկը մի քանի տեղից, որ միջուկը դուրս չգա:
Ջեռոցի թավայի վրա փայլաթիթեղ դրեք, ձուկը դրեք վրան ու դրեք 200 աստիճան տաքացրած ջեռոցը` 30-45 րոպեով:
Հանեք, թելերը կտրատեք եւ մատուցեք:
Այս տարբերակով պատրաստած ձուկը նաեւ սառը վիճակում է շատ համեղ:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ