Հայաստանում քաղաքականությունը դարձել է միանգամայն ձեռնտու գործ: Բիզնեսի պես բան: Եթե, իհարկե, պատգամավոր ես, բարձրաստիճան պաշտոնյա կամ թեկուզ Երևանի ավագանու անդամ: Նվազագույնը՝ իշխող կուսակցության անդամ:
Շատերի համար ավելի ձեռնտու է, իհարկե, իշխող կուսակցության անդամ չլինելով՝ իշխանական կոալիցիայի անդամ լինել: Իմա՝ դաշնակցական: Մանավանդ՝ վերջին տարիներին: Եթե դաշնակցական ես, անհամեմատ քիչ ես քննադատվում, քան՝ իշխանական կուսակցության անդամ պաշտոնյաներն ու պատգամավորները, բայց աշխարհիկ բարիքներից անմասն չես մնում: Ասածս, իհարկե, բոլոր դաշնակցականներին չի վերաբերում, նրանց մեջ էլ ընտրյալներ կան, ավելի ճիշտ՝ շահածներ ու տուժածներ: Եթե իշխանական կոալիցիայի անդամ են, շահածները, բնականաբար, ավելի շատ են, քան՝ տուժածները:
Ընդդիմության կամ ոչ իշխանականների մեջ էլ շահածներ կան: Էս պահի դրությամբ՝ «Ելքի» ու «Բարգավաճի» մեջ էլ շահածներ կան: Վերստին՝ երևելիներն ու հաջողակները, ովքեր նաև Ազգային ժողովի պատգամավորներ են:
Ո՞վ մնաց: Մնաց արտախորհրդարանական ընդդիմությունը: Կամ նրանք, ովքեր պատգամավոր չեն դարձել, բայց շարունակում են քաղաքականությամբ զբաղվել:
Խոսքս Սեֆիլյանին ու Սեֆիլյանականներին չի վերաբերում: Խոսքս հիմնականում վերաբերում է նրանց, ովքեր ժամանակին պատգամավոր եղել են, բայց հիմա չեն: Կամ՝ բարձրաստիճան պաշտոնյա: Առաջ եղել են, բայց հիմա ազատ են: Ազատ են և ազատորեն զբաղվում են քաղաքականությամբ: Ինչքան որ կարողանում են: Օրինակ, Դավիթ Շահնազարյանը: Կամ՝ Ազատ Արշակյանը: Կամ՝ Արշակ Սադոյանը: Կամ՝ Պարույր Հայրիկյանը: Թևան Պողոսյանը կամ Ստեփան Գրիգորյանը: Հովհաննես Իգիթյանը կամ Կարապետ Ռուբինյանը: Եթե շարունակենք, այս ցուցակը բավական կընդարձակվի՝ շնորհիվ Գուրգեն Եղիազարյանի , Աշոտ Մանուչարյանի ու Վահե Հովհաննիսյանի, Անահիտ Բախշյանի ու Արմեն Մարտիրոսյանի, Արամ Մանուկյանի ու Լևոն Զուրաբյանի: Ցանկության դեպքում մի քիչ էլ կարող ենք շարունակել: Ոչ շատ երկար, իհարկե: Եթե այս մարդիկ շարունակում են զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն, այնուամենայնիվ, Հայաստանում քաղաքականություն կա: Մենք ընդամենը հիշեցինք մարդկանց, ովքեր ժամանակին պաշտոն ու մանդատ են ունեցել, բայց դրանք կորցնելով՝ շարունակում են զբաղվել քաղաքականությամբ: Սրանք այն մարդիկ են, ովքեր առնվազն իրենք իրենց քաղաքական գործիչ են համարում: Շատերին, իհարկե, մոռացանք: Հրանտ Բագրատյանին չենք մոռացել:
Բայց Տիգրան Կարապետովիչին սկսում ենք մոռանալ: Ոչ մեր մեղքով, իհարկե: Հատկապես Կարապետովիչին ենք նշում, որովհետև մի քանի տարի առաջ, եթե մեզ ասեին, որ ընդամենը մի քանի տարի հետո Տիգրան Կարապետովիչը մաքրվելու է քաղաքական ջրերի երեսից, ոչ ոք չէր հավատա: Մարդը մի հեռուստաընկերություն ուներ, որը փակվեց ու վերջ: Վերջ քաղաքականությանն ու քաղաքական կյանքին:
Այդպես շատերը դուրս մնացին քաղաքականությունից ու քաղաքական կյանքից: Վերը թվարկվածները պաշտոններն ու մանդատները կորցնելով՝ փաստորեն մնացին քաղաքականության մեջ և այժմ էլ զբաղվում են քաղաքականությամբ, որովհետև առանց քաղաքականության կյանք չունեն: Այդպես է ստացվում: Հուրախություն մեզ: Որովհետև առանց այդ մարդկանց քաղաքականություն գոյություն չէր ունենա: Հայաստանում, իհարկե:
Այսինքն, քաղաքականությունը, ինչպես նկարչությունը կամ գրականությունը, ինչ-որ տեղ նույնիսկ բնատուր շնորհ ու կոչում է: Կապ չունի, որ Հայաստանի Ազգային ժողովի ներկայիս պատգամավորների մեծ մասն այդ բնատուր շնորհն ու կոչումը չունի: Նրանց գերակշիռ մասը, եթե պատգամավոր չլինի, բացարձակապես չի զբաղվի քաղաքականությամբ: Եթե Կարապետովիչը չի զբաղվում, սրանք հաստատ չեն զբաղվի: Պատկերացնու՞մ եք պատգամավոր օլիգարխներին ու մեծահարուստներին, որոնք մանդատները կորցնելով՝ շարունակեն քաղաքականությամբ զբաղվել: Չեք պատկերացնի, իհարկե: Որովհետև այդպիսի բան երբևէ չեք տեսել: Կամ՝ պատկերացնու՞մ եք, որ այս կամ այն պատգամավոր հանրապետականը, որը իշխող կուսակցության ցուցակով է պատգամավոր դարձել, իշխանափոխության դեպքում շարունակի քաղաքականությամբ զբաղվել: Ինքնուրույն: Իհարկե կդժվարանաք պատկերացնել:
Պատկերացնելին այն է, ինչը որ գոյություն ունի ու կա: Գոյություն ունի այն, ինչը որ ունենք: Կյանքը ցույց է տվել ու ցույց է տալիս, որ քաղաքական գործիչ դառնում են հիմնականում ընդդիմության մեջ: Այդպես խորհրդային տարիներին Զատիկյանը, Հայրիկյանը, Աշոտ Նավասարդյանը, Ազատ Արշակյանը, Վարդան Հարությունյանը, Շահեն Հարությունյանն ու նրանց համախոհներն են քաղաքական գործիչ դարձել: Այդպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամները քաղաքական գործիչ դարձան:
Այդպես Դավիթ Սանասարյանն ու կրտսեր Շահեն Հարությունյանն են քաղաքական գործիչ դառնում: Բոլորիս աչքի առաջ: Եվ կյանքն էլ շարունակվում է: Նաև՝ քաղաքական կյանքը Հայաստանում:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ