Ձևավորված ավանդույթի համաձայն, որպես ապրիլյոթյան ևս մեկ ինքնատիպ նվեր մայրաքաղաքի կանանց ու աղջիկներին, Մայրության և գեղեցկության օրը վերագործարկվում են մայրաքաղաքի բոլոր շատրվանները:
Հանրապետության հրապարակի ջրախոս կոթողների միացմանը ներկա են գտնվել բազմաթիվ երևանցիներ ու մայրաքաղաքի հյուրեր, ինչպես նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Հանրապետության գլխավոր հրապարակում հավաքված կանանց ու աղջիկներին ևս մեկ անակնկալ էր սպասվում՝ ֆլեշմոբի միջոցով նրանց շնորհավորել են նաև փոքրիկ երևանցիները: Շնորհակալություն հայտնելով քաղաքի առօրյան լիարժեք տոնի վերածելու Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունների համար, մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը նշել են, որ ցուցաբերվող մշտական հոգատարության շնորհիվ 2800-ամյա մայրաքաղաք Երևանը միշտ երիտասարդ է մնում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն