Լրահոս
Օրվա լրահոսը

Նորարարական գաղափարների Հեքեթոն՝ Վանաձորում (Ֆոտոշարք)

Ապրիլ 07,2018 21:48

Ապրիլի 7-ին եւ 8-ին Վանաձորում անցկացվում է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարարական գաղափարներ ի հայտ բերելու եւ զարգացնելու Հեքեթոն: Ծրագիրն  իրականացվում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի, Լոռու մարզպետարանի համատեղ ջանքերով եւ Եվրամիության՝ բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ:

«Հեքեթոնի նպատակն է 21-րդ դարի գործիքներով նպաստել Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը: Այս ծրագրի կազմակերպման գաղափարի հիմքում դրված են 21-րդ դարի կարեւոր միտումներ: Մեզ համար շատ կարեւոր է ունենալ այնպիսի ծրագրեր եւ հետաքրքիր նորարարություններ, որոնք հնարավորություն կտան պոտենցիալ զբոսաշրջիկին նախքան Հայաստան գալը որոշակի ճանապարհներով տեղեկատվություն ստանալ Հայաստանի մասին: Սա ամենաառաջին եւ ամենագլխավոր գաղափարն էր, որ մենք քննարկեցինք Հեքեթոնից առաջ»,- ասում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

Մրցույթի մասնակցության համար ստացվել են աննախադեպ թվով հայտեր: Ներկայացված 125 հայտից Հեքեթոնի փուլ են անցել 50-ը: Տարբեր տարիքի ու մասնագիտության տեր մարդիկ Հայաստանի տարբեր քաղաքներից այսօր վաղ առավոտից հավաքվել էին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, յուրաքանչյուրը ներկայացնելով իր գաղափարն ու ծրագիրը: Մասնակից Գայանե Սարգսյանի համար Հեքեթոնը կարեւոր նշանակություն ունի: Հենց այս ծրագրի շնորհիվ է, որ փորձում են կյանքի կոչել իրենց նախաձեռնությունները. «Նախատեսում ենք պատրաստել Վանաձորի հետ կապված զբոսաշրջային հավելված, որն իր մեջ կներառի Վանաձորի եւ հարակից գյուղերի զբոսաշրջային պոտենցիալը: Նաեւ փորձելու ենք հետադարձ կապի  միջոցով ապահովել զբոսաշրջիկների ամբողջական եւ լիարժեք հանգիստը մեր տարածաշրջանում»:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ասում է, որ Լոռին այն մարզերից է, որը կարելի է զարգացնել նաեւ զբոսաշրջության շնորհիվ: Վստահեցնում է, լավագույն գաղափարներին անպայման են աջակցելու. «Ես համոզված եմ, որ այս միջոցառման շնորհիվ նոր գաղափարներ, նոր մտքեր ու նոր ճանապարհներ կգտնենք զբոսաշրջությունն ավելի արագ տեմպերով զարգացնելու համար: Եւ վստահ եմ, որ ծրագրերը ոչ թե կմնան թղթի վրա, որպես ծրագիր, այլ մենք փորձելու ենք կառավարության միջոցով այդ ծրագրերը կյանքի կոչել եւ իրականություն դարձել»:

Հեքեթոնի ընթացքում՝ 24 ժամ շարունակ թիմերը կաշխատեն իրենց գաղափարների վրա: Իսկ ապրիլի 8-ին դրանք կներկայացնեն ժյուրիի դատին:

«Կառավարությունը միշտ կաջակցի ցանկացած նոր առաջարկներին, որը կխթանի եւ՛ տուրիզմի զարգացմանը, եւ՛ տնտեսության մյուս ոլորտների զարգացմանը: Մտածում ենք ծրագիրը դարձնել շարունակական՝ ոչ միայն տուրիզմի խթանման, այլ նաեւ տնտեսության մյուս ճյուղերի զարգացման համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Իսկ մրցույթի հաղթողների համար սահմանված են դրամական մրցանակներ 2 մլն դրամ, 1 մլն 200 հազար եւ 750 հազար դրամ:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30