Ապրիլի 6-ին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի բնակիչ, 1992թ. ծնված Հայկ Սիմոնյանն իր տանը պայթուցիկ առարկայի հետ անզգույշ վարվելու հետեւանքով տեղի ունեցած պայթյունից վիրավորվել է:
Այգեհովիտ գյուղից տեղեկացանք, որ Հայկը պայթուցիկը գտել է ապրիլի 5-ին, իր հողամասը վարելու ժամանակ: Մեր տեղեկություններով՝ պայթյունի հետեւանքով Հայկի ձախ ձեռքի 3 մատը պոկվել է, նա նաեւ դեմքի, որովայնի եւ կրծքավանդակի մակերեսային վնասվածքներ է ստացել:
Հայկ Սիմոնյանը ապրիլի 6-ին վիրահատվել է Երեւանի թիվ 1 հիվանդանոցում: Այգեհովտից հայտնեցին, որ Հ.Սիմոնյանի կյանքին վտանգ չի սպառնում:
Հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը հայտնեց, որ այդ վիրահատությունը կատարել է վիրաբույժ Աբրահամ Դանիելյանը, ինքը որոշ մասնակցություն է ունեցել վիրահատությանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ