«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու եւ ՀՀԿ-ի վերարտադրության դեմ ուղղված «Իմ քայլը» քայլարշավն այսօր շարունակվեց Դիլիջանում:
Քայլարշավին միացածների (լուսանկարում) թիվը արդեն մի քանի տասնյակ է: «Մեր կամքը քարից ամուր է»,-հայտարարում է Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ նշում է, որ հեռուստատեսությունը կցկտուր է անդրադառնում իր քայլարշավին եւ դրա նպատակներին:
Երթի մասնակիցները ոտքով հասան Դիլիջանի ոլորաններ: Ճամփեզրին եգիպտացորեն վաճառող տղամարդկանցից մեկը, տեսնելով Փաշինյանին, ձեռքով ողջունեց ու հրավիրեց իր կրպակ՝ սուրճ խմելու: Փաշինյանը շնորհակալություն հայտնեց, բայց ստիպված մերժեց: «Էսքանիս կոֆե ո՞նց ես հյուրասիրելու, այ մարդ, զոռ ա…քեզ նեղություն կտանք: Թող մի օր թեթեւ լինեմ՝ մենակ լինեմ, կգամ՝ կհյուրասիրես»,-ծիծաղելով ասաց նա դիլիջանցուն:
Ապա իրեն ուղիղ եթերով հետեւողներին հիշեցրեց, որ քայլելու է մինչեւ ապրիլի 13-ը, երբ Ազատության հրապարակում 18:30-ին կկայանա հանրահավաք:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության