Ստանիսլավ Ստրեմիդրովսկիի «Երևանը Վատիկանի միջոցով նոր կամուրջ է գցում Արևմուտք» հոդվածն անդրադառնում է Հայաստանի բարձր պատվիրակության այցին Վատիկան, գրում է Vstrokax.net-ը՝ հավելելով, որ հոդվածում այցի նպատակը անորոշ էր ներկայացված:
Կայքը առաջին հերթին նկատել է, որ գրգռվածություն է առկա Հայաստանի պատվիրակության՝ Վատիկան այցի նպատակի վերաբերյալ: Այնուհետև նկատվել է խանդ և վիրավորանք, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ գումարներ է ծախսել Վատիկանում նվիրատվություն կատարելու համար, սակայն երբեք Վատիկանում նրան նման բարձր ընդունելության չեն արժանացրել:
«Բաքուն հանուն Մայր Աթոռի ներկայացուցիչների հետ հանդիպումների մեծ գումարներ է փոխանցում կաթոլիկների մշակութային ժառանգության վերականգնման համար, իսկ Երևանին հերիք էր փոքր արձանիկ բերել Վատիկանի այգիներ»,- գրել է Ստանիսլավ Ստրեմիդրովսկին:
Vstrokax.net-ի կարծիքով՝ վերլուծությունը գռեհիկ և մանրախնդիր է: Տպավորություն է ստեղծվում, որ Ստրեմիդրովսկին հուշարձանի արժեքի մասին բավարար հաշվարկներ չունի: Ռուսական մեդիայի փորձագետներին իմաստ չկա բացատրել, որ ամեն ինչ չէ փողով չափվում, գրում է կայքը:
«Ստացվում է, որ բացի Եվրամիության հետ բանակցություններից՝ Արևելքի և Արևմուտքի միջև արդեն իսկ գոյություն ունեցող կամրջից, երևանցի քաղաքական գործիչները արդեն նորն են գցում Մայր Աթոռի հետ: Օգտակար գործ է, բայց պետք չէ մոռանալ աշխարհագրության մասին: Այսօր Անդրկովկասում հետաքրքիր բաներ են կատարվում:
Այս օրերին, երբ քրիստոնյա Հայաստանի պատվիրակությունը հյուրընկալվում էր Վատիկանում, երեք երկրների՝ քրիստոնյա Ռուսաստանի, սուննիական Թուրքիայի և շիայական Իրանի նախագահները առաջնորդների գագաթնաժողովի ընթացքում բանակցում էին և նոր պայմանավորվածություններ էին ձեռք բերում: Նրանք Հայաստանի հարևաններն են, իսկ հարևանների հետ ավելի լավ է ընկերություն անել»,- գրել է Ստրեմիդրովսկին:
Կոպիտ սպառնալիքը ևս մեկ անգամ ապացուցում է տարածաշրջանում Ռուսաստանի վարած միջակ քաղաքականությունը: Այս կապակցությամբ հարց է առաջանում՝ «իսկ դուք վստա՞հ եք, որ վերահսկում եք Անդրկովկասում իրավիճակն այնպես ինչպես դուք եք պատկերացնում»: Ըստ էության, ոչ, հակառակ դեպքում՝ այսքան անորոշություն, նախանձ և սպառնալիք չէր լինի: