2017թ. կայացած «Միսս Հայաստան» մրցույթի առնչությամբ դատական գործընթացն այլեւս ավարտված է: Այս մասին այսօր «Նոյյան տապան» լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպմանը նշեց գեղեցկության մրցույթի կազմակերպիչ, նախկին «Միսս Հայաստան» Գոհար Հարությունյանը՝ «Միսս Արմենիա» անունով համահայկական հիմնադրամի ղեկավարը: Հիշեցնենք, որ դատարան էր դիմել «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» հիմնադրամի ղեկավար Կարեն Արիստակեսյանը՝ պահանջելով գեղեցկուհու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել, քանի որ, ըստ նրա, Գոհար Հարությունյանն օգտագործել է իր կազմակերպության անվանումը եւ հեղինակային իրավունքը: «Գործի վարույթը կարճվեց, որովհետեւ մենք ոչ մի խախտում թույլ չէինք տվել»,-հայտնեց Գոհար Հարությունյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ այս տարվա գեղեցկության մրցույթը կայանալու է հունիսի 16-ին. «Մանրամասների մասին մենք առաջիկայում կհայտարարենք: Կցանկանայի, որ տղամարդիկ թույլ տան աղջիկների մասնակցել եւ իրականացնել իրենց երազանքը: Յուրաքանչյուր աղջիկ երազում է արքայադուրստր լինել: Պատրաստակամ եղեք եւ հասեք ձեր բարի երազանքներին: Գեղեցկությունը բարի կամքի յուրօրինակ դեսպան է այլ երկրներում»:
Թե ինչ սկզբունքներով են ընտրվելու մասնակից-աղջիկները, Գոհար Հարությունյանը տեղեկացրեց. «Ընտրում ենք այն աղջիկներին, որոնք դիմում են, այլ միջոց չկա: Շահագրգռված ենք, որ լավ ներկայացուցիչների ընտրենք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ