Փետրվարի 7-8-ին «Մարզաձեւերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզադահլիճում (նախկին «Միկա») անցկացվում է կիոկուշին կարատեի Եվրոպայի պատանիների եւ մեծահասակների առաջնությունը, որը նվիրված է Երեւանի 2800 ամյակին:
Առաջնությունն անցկացվում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, ՀԱՕԿ-ի եւ Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ: Մասնակցելու համար Երեւան են ժամանել 28 երկրի շուրջ 700 մարզիկ եւ միջազգային բարձր որակավորում ունեցող 50 մրցավար, ինչպես նաեւ կիոկուշին կարատեի միջազգային (IFK) եւ ազգային ֆեդերացիաների ղեկավարներ:
Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի խոսքով, մեր երկրում մեկ անգամ արդեն անցկացվել է այսպիսի մրցաշար, սակայն այս անգամ այն իր ընդգրկումով եւ կազմակերպական մակարդակով մի քանի անգամ գերազանցում է նախորդին: Պատանիների եւ մեծահասակների առաջնությունները, սովորաբար, անցկացվում են առանձին, սակայն գործադրած ջանքերի շնորհիվ հաջողվել է դրանք Երեւանում համատեղելու իրավունք ստանալ:
«Կարելի է ասել, որ երկրները ժամանել են ազգային հավաքականների մակարդակով, որոնք ձեւավորվել են տեղերում ընտրական լուրջ փուլեր անցնելով: Հայաստանը որպես կազմակերպիչ երկիր հանդես է գալիս երկու թիմով: Մենք նույնպես նախապատրաստական կարեւոր շրջան ենք անցել: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ Ծաղկաձորում անցկացրել ենք ուսումնամարզական հավաք: Բավականին դիտարժան եւ հետաքրքիր մարտեր են սպասվում: Առաջնությունը հեռահաղորդակցության գերժամանակակից տեխնոլոգիաներով կհեռարձակվի աշխարհի շուրջ 100 երկիր», – Aravot.am-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ Հակոբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ