Լրահոս
Օրվա լրահոսը

«Դասախոսների հետ կապված երկու ճանապարհ կա». Լևոն Մկրտչյանը՝ Շիրակի պետական համալսարանի խնդիրների մասին

Ապրիլ 07,2018 10:48

Շիրակի պետական համալսարան կատարած վերջին այցի ժամանակ ուսանողների հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր Գյումրիում հանդիպել  է մի խումբ ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Շիրակի պետական համալսարանի  հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր  Ֆելիքս Ցոլակյանը:

Հանդիպումից հետո ԿԳ նախարարը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել է հանդիպման մանրամասները՝ նշելով, որ ուսանողների  բարձրացրած խնդիրները  վերաբերել են  կրթության որակին և բուհից հեռացված դասախոսների հետագա գործունեությանը. «Դասախոսների հետ կապված երկու ճանապարհ կա՝ առաջին նրանք պետք է իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանեն դատական կարգով՝ ելնելով «Աշխատանքային օրենսգրքի» պահանջներից և երկրորդ, պետք է հասնել նրան, որ համալսարանի բոլոր դասախոսական պաշտոնների համար հայտարարվեն մրցույթներ:  Ես կարծում եմ, որ ընտրված դասախոսը բուհում կարող է այլ, ավելի ապահով կարգավիճակ ունենալ, քան  աշխատանքային պայմանագրով աշխատող դասախոսը: Սա մեզ համար սկզբունքային կարևոր մոտեցում է, որն ամրագրված է նաև Ազգային ժողովում այժմ քննարկվող «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծում: Դասախոսի իրավունքներն առավելագույնս պաշտպանված լինելու համար՝ նա պետք է ընտրված լինի»,- նշել է Լևոն Մկրտչյանը:

Նախարարի խոսքով՝ կրթության որակի տեսանկյունից առաջնային մտահոգություն է Շիրակի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մասնագիտական որակի բարելավումը: «Ուսանողներն իրավունք ունեն ավելի որակյալ  կրթություն պահանջել: Ինձ համար, իբրև նախարար ամենակարևորն այդ հարցն է»,- շեշտել է նախարարը և հավելել, որ նախատեսվում է նաև հանդիպում դասախոսների հետ: Նախարարի համոզմամբ՝ պայքարի օրինական ճանապարհներ միշտ կան և բուհական միջավայրում գիտնականի նկատմամբ հալածանքը կամ այդ կարգի այլ գործողություններն անթույլատրելի են:

«Մրցույթների համակարգի ներդրման դեպքում  նույն դասախոսները կարող են դիմել, մասնակցել մրցույթին և վերականգնել իրենց աշխատանքը»,- համոզմունք  է  հայտնել Լևոն Մկրտչյանը: Ի պատասխան լրագրողի՝ կրթության որակի անկման մասին հարցի, նախարարը նշել է. «Երբ մանկավարժական ինստիտուտ անվանումը փոխարինվում է համալսարան անունով և խոսքը վերաբերում է հանրապետության երկրորդ  քաղաքին, մենք պարտավոր ենք խնդիրներին այլ մոտեցում ցուցաբերել: Այս դեպքում բնականաբար խոսքը սոսկ անվան փոփոխության մասին չէ, որովհետև փոխվում է նաև բուհի առաքելությունը:

Շիրակի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողին  մենք պետք է դիտարկենք ոչ միայն որպես ապագա պատմության ուսուցչի, այլ առաջին հերթին որպես պատմաբանի: Այս մոտեցումը ենթադրում է ծրագրային լուրջ փոփոխություն և այս հարցում Շիրակի պետական համալսարանին կարող է օգնել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Այս համատեքստում դիտարկվելու է և կադրային բազան, և ծրագրային հագեցվածությունը»:

Լրագրողների հետ հանդիպումից հետո ԿԳ նախարարն ու բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը հանդիպում են ունեցել նաև բուհի «Պատմության և փիլիսոփայության» ամբիոնի նախկին դասախոսներ Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի հետ:  Նախարարն ու հոգաբարձուների խորհրդի նախագահը հորդորել է նրանց  աշխատանքային խնդիրը կարգավորել իրավական ճանապարհով, ինչպես նաև  մասնակցել առաջիկայում հայտարարվելիք  թափուր տեղերի մրցույթներին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև  ԵՊՀ  մի խումբ դասախոսներ, ովքեր  առաջարկել են իրենց  մասնագիտական աջակցությունը՝ Շիրակի պետական համալսարանում   կրթության որակի բարձրացման և  կատարելագործման  հարցում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համալսարանի ծրագրերին առնչվող մի շարք մասնագիտական հարցեր:

ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30