Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկինների» սինդրոմը

Ապրիլ 07,2018 10:00

Ես միշտ հորդորել եմ գործընկերներիս զգուշավոր, վերապահ վերաբերմունք դրսեւորել, երբ խոսեցնում են նախկին պաշտոնյաներին: Նրանց մեծ մասի գլխավոր հատկանիշը «աբիժնիկությունն է»՝ այդ ո՞նց եղավ, որ իմ նման պետականաստեղծ անձին եւ մտքի գիգանտին պաշտոնից զրկեցին կամ չոքեչոք չեն գալիս ու խնդրում, որ ես վերադառնամ պաշտոնին եւ իմ ոլորտը, եւ, ինչու չէ, ողջ երկիրը ծաղկեցնեմ: Հազվադեպ են հանդիպում նախկին պաշտոնյաներ, որոնք ներքուստ համոզված չեն, որ իրենց ժամանակ երկիրը դրախտ էր հիշեցնում եւ հետո, ո՜վ ճակատագրի անարդարություն, եկան «սրանք» եւ ամեն ինչ ապականեցին:

Մարդկայնորեն դա, իհարկե, հասկանալի է. առանձնասենյակ, քարտուղարուհի, սպասարկող մեքենա, քծնողների բանակ, որն ամեն րոպե քեզ հավաստիացնում է, որ որքան հանճարեղ ես դու՝ այնքան համոզիչ է հավաստիացնում, որ ինքդ սկսում ես դրան հավատալ: Կան, իհարկե, նաեւ հազվադեպ բացառություններ՝ օրինակ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը կամ ԱԱՊՎ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը «նախկինի սինդրոմով» չեն տառապում՝ սթափ են գնահատում անցյալն ու ներկան: Բայց ընդհանրապես «աբիժնիկությունը» հատուկ է ցանկացած «նախկինի»՝ նախկին պաշտոնյաներին, նախկին ամուսիններին, նախկին ընկերներին, նախկին հայաստանցիներին:  (Վերջիններս, ի դեպ, շատ են սիրում համացանցում գրել Հայաստանը փնովող մեկնաբանություններ):  Դժվար է հարաբերություններ խզել՝ առանց դառը նստվածքի:

Բայց նախկին պաշտոնյաները, բացի այդ ամենից, ունեն եւս մի թերություն՝ նրանք միշտ չափազանցված են պատկերացնում իրենց դերը երկրի պատմության հետ: Սովորաբար՝ երբ հարցնես որեւէ նախկին նախարարի, դեսպանի կամ անգամ վարչության պետի, թե ինչ էր նա անում այն ժամանակ, երբ պաշտոն էր զբաղեցնում, նա կպատմի, որ առանցքային դեր էր խաղում պետության մեջ, որ առանց նրա համաձայնության ոչ մի խնդիր չէր լուծվում, որ առաջին դեմքերը քայլ անգամ չէին անում առանց նրանց հետ խորհրդակցելու: Դա մի քիչ նման է արցախյան պատերազմի մասին պատմություններին. իրենց հիշողություններում մարդիկ սովորաբար ինչ-որ ջոկատների հրամանատարներ էին, շատ քչերն են ընդունում, որ նրանք կռվում էին որպես շարքայիններ: (Ի դեպ, ապրիլյան պատերազմի դեպքում այդպես չի լինի, որովհետեւ այսօր կա բանակ՝ իր հստակ կառուցվածքով եւ հիերարխիայուվ):

Դառնալով նախկին պաշտոնյաներին՝ պետք է ասել, որ մարդիկ, երբ գոնե մի պահ կորցնում են սթափությունը, հակված են վերագնահատել անցյալը եւ իրենց դերն անցած-գնացած գործերում, նրանք իսկապես վստահ են, որ նրանց խոսքն անչափ ազդեցիկ էր եւ վճռորոշ: Դա, որպես կանոն, հնարավոր չէ ապացուցել: Դրա համար եմ ասում՝ նրանց ասածները հալած յուղի տեղ մի ընդունեք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (15)

Պատասխանել

  1. armo says:

    Իսկ ին՞չ կասեք նախկին մամլո քարտուղարների մասին:

  2. Լավատես says:

    Պարոն Աբրահամյանը, ի դեպ, շատ է սիրում համացանցում փնովել նախկին հայաստանցիներին: Վերջիններս իրենց տարիների վաստակը, կենսաթոշակները, խնայդրամարկղի ավանդները ներառյալ, թողել են Մայր Հայաստանին ի վայել, բայց էլի բան են պարտք մնացել։
    Ի դեպ, կայքի կառավարչին։ Էս անունն ու էլ փոստի հասցեն ես չեմ տպել։ Արդեն կար։ Մի ծլագրային սխալ կա։ Եթե ուղղեիք, լավ կլիներ։

    • Աշոտ says:

      Ես կարծես հասկանում եմ պարոն Աբրահամյանի ասելիքը: Ամենատհաճ բանն է, երբ ականատես ես լինում սեփական խայտառակություն արդարացնելու փորձերին: Ինչ վերաբերվում է խնայդրամարկղի փողեր, ֆլան-ֆստան, ապա հիշեցնեմ որ` “որտեղ գանձերն են, այնտեղ էլ մարդու սիրտն է” Եթե մարդը 《գանձերի》փնտրտուքով աշխարհից-աշխարհ է գնում, դա իր խնդիրն է, բայց կարիք չկա դա ամեն կերպ արդարացնելու: Եթե մեկն արդարանում է, ապա դա ենթադրում է մեղքի զգացում: Հետևաբար դրանով փորձ է արվում մեղքի զգացումը բթացնել:

  3. Ruben says:

    Թե ինչու՞ օրինակ բերեցիք Վյաչեսլավ Վառնազիչի եղբորն ու ՀՀ նախկին նախագահի (ԼՏՊ-ի) նախկին խնամուն՝ պարզ չէ:
    Ինձ համար մնում է առեղծված, թե ինչպես՞ պաշտպանության նախարար (հիմա նախկին) Վաղարշակ Հարությունյանը կարողացավ առանց նախագահ (հիմա նախկին) Քոչարյանի հրամանի զորքեր մտցնել Երեւան (Հոկտեմբեր 27, 1999թ.) (“վարկած”):
    Ինչպես՞ բանասեր ԼՏՊ-ն ԱԱՊՎ-ի (հետո՝ ԱԱԾ) պետ նշանակեց ֆիզիկոս Դավիթ Շահնազարյանին, որն էլ իր պաշտոնը «պաս» տվեց բանասեր Սերժ Սարգսյանին, որն էլ հոկտեմբեր 27-ին ցուցաբերեց ծառայողական անհամապատասխանություն:

  4. Ara Shahbazian says:

    Դուք ձեր թերթի գլխավոր խմբագիրն եք, այլ ոչ թե հայ ժողովրդի ու Ձեզ իրավունք մի վերապահեք ընդհանրական վիրավորանքներ հասցնել ժողովրդի մի ստվար մասին… Մի գուցե և ոմանք հիմնավոր կամ անհիմն նեղացած են խոսում կամ գրում, բայց դա դեռ առիթ չէ դատավորի կեցվածք ընդունելու… Մարդիկ ոչ թե Հայաստանն են փնովում, այլ կոնկրետ բացասական երևույթներ ու անձերի… Օրինակ՝ հայ լրագրության մեջ տիրող համատարած անգրագիտությունն ու մակերեսայնությունը… Եվ ընդհանրապես, կենտրոնացեք Հայաստանի վրա ու Սփյուռքին հանգիստ թողեք… Թե չէ ստացվում է տեղից վեր կացողն իրավունք ունի բազմամիլիոնանոց Սփյուռքին փնովելու, իսկ հակառակի իրավունքը Ձեզնից պետք է հարցնենք…

    • Հ.Շ. says:

      . Այս Խմբագիրը միշտ ել, տեղին եւ արդարացի կերպով, զանազանում է աւանդական Սփիւռքը (= այն հայերը որոնք, բազմաթիւ սերունդներէ ի վեր, երբեք Հայաստանի բնակիչ չեն եղած), եւ Հայաստանը լքած, իրենց անհատական բախտը այլ երկիրներում որոնելու մեկնած «հայաստանցիները»:

      . Հայաստանէն նամանաւանդ անցած քսան տարիների ընթացքին արտագաղթած հայերը, լայն մեծամասնութեամբ, անհամեմատօրէն աւելի խիստ, դաժան եւ ծայրայեղ կերպով կը քննադատեն Հայաստանն ու Արցախը, քան թէ բառին բուն իմաստով սփիւռքահայերը – որոնք ընդհակառակն, ընդհանրապէս հակում ունիմ շատ բարեացակամ ըլլալու իրենց Մայր Հայրենիքի նկատմամբ – :

      . Ամէն դէպքում, ինչպէս որ Սփիւռքի հայը իրաւունք ունի իր կարծիքը յայտնելու Հայաստանի եւ Արցախի հայի մասին, երկրորդն ալ նոյնպէս եւ փոխադարձաբար, ազատ է իր ուզածը ըսելու առաջինի մասին: Նոյնիսկ առողջ ու բաղձալի բան է այդ, քանզի խորքին մէջ նոյն ազգի մասին է նիւթը:

  5. Mher says:

    Օրինակ` նախկին պաշտոնյա, ներկա խիստ ընդդիմադիր Մակեյան Պետրոսն ու Սաղաթելյան Մուշեղը երևի մտածում են թե Շիրակի մարզում էլ չկան իրենց պաշտոնավորման ժամանակաշրջանը հիշողներ:

  6. samvel says:

    Ողորմած տատս ասում էր՝ երկնքից մի մեծ քար է կախված պարանով, ով իրեն չգովի, քարը կընկնի իր գլխին: Մնացածը դուք որոշեք…

  7. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Խնդրում եմ իսկական Լավատեսին եւ իսկական Արա Շահբազյանին, գրեք այլ անուններով, եթե ուզում եք, որ ես կարդամ ձեր գրածները, փոխեք ձեր անունները: Թե չէ այն մարդիկ, որոնք վերցրել են ձեր անունները, իմ կողմից դասվում են այն մարդկանց թվին, որոնց մեկնաբանությունները ես չեմ կարդում՝ այնպես, ինպես վաղուց չեմ կարդում Ռուբեններին, Գիբինդուսներին, Մարգարներին եւ Ժորադյադյաներին: Իսկ ես ժամանակ չեմ ունանա իսկականը կեղծից տարբերելու վրա:

  8. Լավատես says:

    Ա placeholder ում սխալ կա՝ արգելվափակվի

    Բ Որպեսզի թյուրիմացություններ չլինեն անունների հետ կապված, կայքի պատասխանատուները թող իրականացնեն իրենց ՝չի հրապարակվի՝ խոստումը՝ Էլ-փոստ (չի հրապարակվի) (պարտադիր):

    Եւ Ա ն եւ Բ ն նախկինում ասվել են

    Գ ՝Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:՝

    Գաղափարներիցս ամենահանճարեղը ընտրածս անունն է, իսկապես աստված ամենքին տալիս է իր ուժերին հավասար դժվարություններ հաղթահարելու, երազողն ու լավի հաղթանակը ապագայում տեսնողը միայն ի վիճակի է լիարժեք իր ուժերն օգտագործի, իսկ ով չի հավատում ոչ իրեն, ոչ էլ իր աստծուն, լինի մարդ թե ազգ, օգգ ն շատ ցածր է, դրա համար էլ ով ուզում է թող օգտագործի իմ ընտրած անունը՝ կարեւորը գրածը համապատասխանի այդ անվանը:

    իսկական Լավատես

  9. Հ.Շ. says:

    Մերթ ընդ մերթ, երբ որ սեղմենք յօդուածի ներքեւ զետեղուած «Պատասխանել» կոճակին վրայ, պատասխանելու տուփիկը բացւում է, նրա վերեւի բաժինը մեքենաբար արդէն լեցուած՝ մի ուրիշի անունով/ծածկանունով եւ իմէյլի հասցէով… Սա պատահում է, պարբերաբար, ինքնաբերաբար:

    Կայքէջի սիսթեմը այս ուղղութեամբ երեւի bug մը ունի: Լաւ կը լինի սրբագրել, նկատի ունենալով մանաւանդ իմէյլի բացայայտումը, որ սեփական տուեալ է:

    Երբ որ ինծի այդպէս պատահի, ջնջում եմ այդ «առաջարկուած» ուրիշի ինքնութիւնն ու իմէյլը, ու շիտակ կերպով լեցնում եմ դատարկուած տողերը: Կարող է սակայն որ ոմանք կամ շփոթի մատնուին, կամ ել դիտմամբ օգտուին առիթից…

    (Իսկ անկախաբար վերեւ պարզուած արտակարգ կացութիւնից, եթէ պատահի որ մի անձ, դիտումնաւոր կերպով, ուրիշի սովորական անունով մեկնաբանութիւն հրատարակել փորձէ, շնորհիւ յայտնուած իմէյլին կամ IP համարին, Թերթը կարող է հեշտօրէն նկատել այդ, եւ այդ պարագային պէտք է որ այդ մեկնաբանութիւնը մերժուի, լոյս չտեսնէ: )

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30