Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես բառը լռության մեջ

Ապրիլ 07,2018 17:00

Ինձ միշտ վախեցրել է բառարանի լռությունը, ինչպես վախեցել եմ մենակ մնալ անձրեւի հետ: Այնինչ անձրեւն անվերջ շարունակվում է, ինչպես որ կեսգիշերներին ինձ հալածում են բառարանի խուլ լռության մեջ ապրող բառերը:

Չգիտեմ՝ ե՞ս եմ կորցրել ստվերս, թե՞ ստվերս՝ ինձ: Տագնապով նշմարում եմ միայն, որ հիմա կարծես միասին չենք: Ես գիտեմ, որ շարժումը զարթնեցնում է քնած ժամանակը, քանի որ ժամանակը խորը նիրհի մեջ է, քանի դեռ շարժում չկա: Չնայած որ անձրեւը, միեւնույն է, շարունակվում է:

Եվ ինչպես որ բառը բառարանի լռության մեջ իր թվացյալ հաստատուն իմաստն ունի, իսկ երբ հայտնվում է այլ բառերի միջեւ, նոր շեշտ եւ նոր իմաստ է ստանում, այդպես էլ ազգերն ու պետություններն են իրենց ներսում եւ այլոց հետ առնչությունների մեջ:
Այնինչ, կարծես թե, կար ժամանակ, երբ մութի մեջ տեսնում էի սեփական ստվերս. հիմա նույնիսկ լույսի մեջ կորցրել եմ ինձ ու չեմ գտնում: Գուցե ճանապարհն է ինձ մոռացել եւ, տանելով ստվերս, ինձ թողել է ճամփին՝ կարծելով, թե ինձ է տարել…

Իսկ Ատլանտյան օվկիանոսի ջրերն այսօր էլ հստակ հիշում են վիկինգներին, Կոլումբոսի նավերը, ինչպես լեռներում կորած լիճն է հիշում չվող ամպերին:

Եվ հիմա կեսգիշերային այս համատարած անձրեւի տակ ուզում եմ դարձյալ արթնացնել իմ հիշողությունը, որ իրենով լցնի օրերի դատարկությունը շարունակվող, եւ, սահման դնելով խոսքին ու լռությանը, մի դեպք պատմի իմ կյանքի մասին… Որովհետեւ կարծես թե անդառնալիորեն կորցրել եմ հին ջրերի լեզուն եւ չժանգոտվող համը կողպեքի, որից այն կողմ գաղտնիքն է Մեծ՝ միակ փակ եւ քառասունինը բաց դռների:

Փորձում եմ հուսահատ, դարձյալ փորձում վերադարձնել գաղտնիք-բանալին, որը կարծես թե ինձ խոստացված էր իմ ծննդյան օրվանից, բայց այդպես էլ ինձ չհասավ, մնաց կես ճանապարհին, ինչպես երազում տեսած դաշնամուր:

Եվ պարզ է, անշուշտ, որ շնորհն ու ապաշնորհությունն իրար հետ հաշտ չեն, ինչպես լույսն ու ստվերը, ինչպես հաշտ չեն անանձնական եւ անձնական պատճառները:
Ու երբ երկրի ճակատագրի շուրջ բանավեճեր են, շարունակ կորսվում է առարկան, եւ քննվում են միայն մոտիվները՝ նորից բաժանելով ստվեր ու մարմին՝ մոռանալով, սակայն, որ կորսվելիք առարկան կարող է լինել Հայրենիքն ու պետությունը, որը մեր միակ ճակատագիրն է:

Այնինչ պարզվում է, որ Հայրենիք տանող միակ ճանապարհը մեր մարմնի եւ մեր ստվերի միասնականությունն է, քանի որ Հայրենիքն այնտեղ է, ուր մարմինն ու ստվերը նույն հասցեն ունեն:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

06.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ says:

    Дядя Петя то дурак?

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30