Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարճ ժամանակում ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռների տարափ է ներկայացնելու, եւ մեր երկիրը մեծ կորուստներ է ունենալու»

Ապրիլ 07,2018 16:30

Ասում է փաստաբան Հայկ Ալումյանը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է դատավճիռների կատարման վերաբերյալ 2017թ. տարեկան զեկույցը՝ հիմնված Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վերահսկողության արդյունքների վրա:

Զեկույցի համաձայն՝ 2017-ին ամենաշատ նոր գործեր ունեցող երկրներն են Ռուսաստանը (370), Թուրքիան (138), Ռումինիան (110), Ուկրաինան (109) եւ Հունաստանը (103): Հայաստանից նոր գործերի թիվը 15 է, (2016-ին՝ 10): 2017-ին ամենաշատ քննարկվող նոր գործեր ունեցող երկրներն են Ռուսաստանը (19), Թուրքիան (14), Ուկրաինան (13), Ռումինիան (11) եւ Լիտվան (10): Հայաստանում քննարկվող գործերի (նոր կառուցվածքային եւ/կամ համակարգային խնդիրներ բացահայտող) թիվը 2017-ին եղել է 2:

2017-ին փակված գործերի թվով ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներն են Իտալիան (2.001), Հունգարիան (296), Ռուսաստանը (254), Ռումինիան (144) եւ Լեհաստանը (133): Հայաստանում 2017-ին փակված գործերի թիվը 4-ն է, շատ ավելի քիչ, քան 2016-ին (16):
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) մասնագետ Արա Ղազարյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ այն, որ Հայաստանում 2017-ին փակված գործերի թիվը շատ ավելի քիչ է, քան 2016-ին, հաստատո՞ւմ է այն մտահոգությունը, որ ՄԻԵԴ-ում Հայաստանից ներկայացված գանգատների քննությունը սկսել է ձգձգվել, պարոն Ղազարյանը պատասխանեց. «Պետք է նախեւառաջ բովանդակային հիմքով ուսումնասիրել հարցը: Դա հանգամանքներից է կախված: Առավել կարեւոր է բովանդակությունը տեսնել, թե ինչ գործեր են, որոնք համարվում են փակված:

Բովանդակային հիմքն ուսումնասիրելով՝ կարելի է տեսնել ինչ-որ միտումներ: Այդ թիվը մի տարի՝ հինգ, մեկ այլ տարի երկու կարող է լինել: Դա զուտ գործընթացից է կախված, քանի որ գործընթացը տարբեր արագությամբ է կատարվում»:

Փաստաբան Հայկ Ալումյանի վստահեցմամբ՝ բնակչության թիվը հաշվի առնելով՝ տոկոսային առումով Հայաստանից ներկայացված նոր գործերն ավելի շատ են, քան մյուս երկրներինը: Հետաքրքրվեցինք՝ փաստաբանական համա՞յնքն է ավելի պրոֆեսիոնալ աշխատում, թե՞ շատ են հասարակական հետաքրքրություն ներկայացնող գործերը, որոնցով քաղաքացիները չեն կարողացել ներպետական ատյաններում իրենց իրավունքները պաշտպանել, պարոն Ալումյանը պատասխանեց. «Դա փաստաբանական բարեխիղճ աշխատանքի շնորհիվ է: Բնականաբար, պիտի լինի իրավիճակ, երբ անձը տեսնում է, որ ներպետական ատյաններում իր իրավունքը չի կարողանում պաշտպանել, հետեւաբար գործը հասնում է ՄԻԵԴ: Դրան գումարած՝ պետք է լինի իրավաբանական որակյալ ծառայություն, որ տեխնիկապես հնարավոր լինի արդեն գործը հասցնել Եվրոպական դատարան: Դա առողջ երեւույթ է»:

Մեր հիշեցմանը՝ մի առիթով փաստաբանը կարծիք էր հայտնել, թե կգա մի ժամանակահատված, երբ ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ վճիռների տարափ կլինի, եւ հարցին՝ այդ շրջանն արդեն սկսվե՞լ է, պարոն Ալումյանը պատասխանեց. «Կամաց-կամաց նկատվում է այդ միտումը: Հիմա շատ գործեր կոմունիկացված են, գտնվում են վերջին փուլում, եւ շատ գործերով մոտ ապագայում բավականին ցավոտ վճիռներ են սպասվում: Հատկապես նախնական կալանքի հետ կապված շուտով մի ամբողջ տարափ կլինի վճիռների: Այն, ինչ ինձ հայտնի է, բավարար հիմքեր է տալիս մտածելու, որ կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 5-րդ եւ 6-րդ հոդվածների հետ կապված վճիռներ ենք ունենալու ընդդեմ Հայաստանի: Մեր դատարանների կողմից վաղուց ընդունված մի ստանդարտ կա, որ նախնական կալանքը, այսինքն՝ երբ անձը դեռ մեղադրվում է հանցագործության մեջ, կալանքը կիրառվում է՝ հաշվի առնելով այն, որ նա ընդամենը մեղադրվում է: Դա մեր դատարանների համար բավարար է լինում, որ անձին վերցնեն կալանքի: Մինչդեռ Եվրոպական դատարանը տարբեր գործերով ասել է, որ դա չի կարող լինել բավարար հիմք, որ անձին պահեն նախնական կալանքի տակ: Այդ գործերը կարճ ժամանակի ընթացքում բոլորը կայացվելու են Հայաստանի դեմ, եւ մեր երկիրը մեծ կորուստներ է ունենալու»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

06.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30